
Իրանն այլևս չի հարստացնում ուրան. Արաղչի
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Թեհրանն այլևս չի հարստացնում ուրան երկրի որևէ օբյեկտում. հայտնում է Associated Press-ը:
«Իրանում չհայտարարագրված միջուկային հարստացում չկա. մեր բոլոր օբյեկտները գտնվում են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության պաշտպանության և հսկողության ներքո: Այս պահին հարստացում չկա, քանի որ մեր օբյեկտները հարձակման են ենթարկվել», – ասել է նա՝ ի պատասխան AP-ի հարցին։
Հարցին, թե ինչ է անհրաժեշտ Իրանին՝ ԱՄՆ-ի և մյուս կողմերի հետ բանակցությունները շարունակելու համար, Արաղչին նշել է, որ Իրանի ուղերձն իր միջուկային ծրագրի վերաբերյալ մնում է պարզ։
«Իրանի հարստացման, միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման, այդ թվում՝ հարստացման իրավունքն անհերքելի է: Մենք ունենք այս իրավունքը և շարունակում ենք այն իրացնել, և հույս ունենք, որ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, կճանաչի մեր իրավունքները և կհասկանա, որ սա Իրանի անքակտելի իրավունքն է, և մենք երբեք չենք հրաժարվի մեր իրավունքներից», – եզրափակել է նա։


