
Մամուլում հայտնվել է Թրամփի և Պուտինի օգնականների գաղտնի զրույցի ձայնագրությունը
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն անցյալ ամիս հեռախոսազրույց է ունեցել Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյայի հետ՝ առաջարկելով, որ նրանք միասին աշխատեն Ուկրաինայի համար Գազայի նմանատիպ ծրագրի վրա, և որ Պուտինը պետք է այդ հարցը բարձրացնի Թրամփի հետ զրույցում․ գրում է Bloomberg-ը՝ հրապարակելով խոսակցության ձայնագրության ընդարձակ սղագրությունը։
Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ Ուիթքոֆը խորհուրդ է տվել Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով գլխավոր օգնական Յուրի Ուշակովին, թե ինչպես պետք է Ռուսաստանի առաջնորդը քննարկի այդ հարցը Թրամփի հետ։ Նրա ցուցումները ներառում էին առաջարկներ՝ Զելենսկու՝ Սպիտակ տուն այցից առաջ Թրամփ-Պուտին հեռախոսազրույց կազմակերպելու և Գազայի համաձայնագիրը որպես առիթ օգտագործելու վերաբերյալ։
«Մենք մշակել ենք 20 կետից բաղկացած Թրամփի ծրագիր, և ես մտածում եմ, որ գուցե նույնն անենք ձեզ հետ»,- ասել է Ուիթքոֆն Ուշակովին։
Զրույցն առաջին անգամ անմիջականորեն պատկերացում է տալիս Ուիթքոֆի՝ Ռուսաստանի հետ բանակցելու մարտավարության և այն մասին, ինչը, կարծես, այս ամսվա սկզբին ի հայտ եկած 28 կետանոց խաղաղության առաջարկի սկիզբն է, որը ԱՄՆ-ն ստիպել է Ուկրաինային ընդունել որպես գործարքի հիմք։
Ուշակովի հետ զրույցի ժամանակ Ուիթքոֆն իր ռուս գործընկերոջն ասել է, որ խորը հարգանք ունի Պուտինի նկատմամբ և որ ինքը Թրամփին ասել է, որ իր համոզմամբ՝ Ռուսաստանը միշտ էլ ցանկացել է խաղաղության պայմանագիր։ ԱՄՆ բանագնացը հիշատակել է Զելենսկու առաջիկա այցը և առաջարկել, որ Պուտինը կարող է խոսել Թրամփի հետ այդ հանդիպումից առաջ։
«Զելենսկին ուրբաթ օրը կայցելի Սպիտակ տուն։ Ես կմասնակցեմ դրան, քանի որ նրանք ուզում են, որ ես այնտեղ լինեմ, բայց կարծում եմ, որ եթե հնարավոր լինի, մենք կզանգահարենք ձեր ղեկավարին ուրբաթ օրվա հանդիպումից առաջ», – ասել է Ուիթքոֆը։
Ուշակովը հարցրել է Ուիթքոֆին, թե «օգտակար» կլինի՞ արդյոք Պուտինի համար զանգահարել Թրամփին։ Ուիթքոֆը պատասխանել է՝ այո՛։
Նա նաև խորհուրդ է տվել, որ Պուտինը շնորհավորի Թրամփին Գազայի խաղաղության համաձայնագրի համար, ասի, որ Ռուսաստանն աջակցել է դրան, և որ նա հարգում է նախագահին՝ որպես խաղաղության մարդ։ «Դրանից ելնելով՝ սա իսկապես լավ զանգ է լինելու»,- նշել է Ուիթքոֆը։
Երկու օր անց՝ Ռուսաստանի խնդրանքով, Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, և ԱՄՆ նախագահը երկուսուկես ժամ տևած զրույցը որակել է որպես «շատ արդյունավետ»։ Այնուհետև նա հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի հետ հանդիպելու ծրագրերի մասին, ինչպես նաև նշել, որ Պուտինը շնորհավորել է իրեն Գազայի հարցով համաձայնագրի կապակցությամբ։
Այդ հեռախոսազրույցից հետո Ուիթքոֆը Մայամիում հանդիպել է Կրեմլի մեկ այլ ավագ խորհրդական Կիրիլ Դմիտրիևի հետ՝ ըստ վերջինիս՝ Axios-ին տված հարցազրույցի։
Ըստ Bloomberg-ի ձեռք բերած մեկ այլ ձայնագրության՝ հոկտեմբերի 29-ին Դմիտրիևը և Ուշակովը հեռախոսով զրուցել են ռուսերեն և քննարկել, թե որքանո՞վ պետք է Մոսկվան պնդի իր պահանջները ցանկացած խաղաղության առաջարկի հարցում։
Մինչ Պուտինի երկու օգնականները քննարկում էին տարբերակներ, Ուշակովը պնդում էր, որ Սպիտակ տանը ներկայացված իրենց փաստաթղթերում պետք է «առավելագույնը» պահանջել։
Նա նշել է, որ մտահոգված է, որ ԱՄՆ-ն կարող է սխալ մեկնաբանել ցանկացած առաջարկ և ինչ-որ բան հանել, բայց հետո պնդել, որ համաձայնություն կա, և դա կվտանգի բանակցությունների ավարտը։
Դմիտրիևը, ով նաև ղեկավարում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը, առաջարկել է ոչ պաշտոնապես կիսվել փաստաթղթով՝ վստահություն հայտնելով, որ նույնիսկ եթե ԱՄՆ-ն ամբողջությամբ չընդունի Ռուսաստանի տարբերակը, նրանք առնվազն կանեն դրան շատ մոտ մի բան։
Հետագայում նա վստահեցրել է Ուշակովին, որ կհետևի իրեն ասվածին, և որ Ուշակովը կարող է նաև հետագայում քննարկել փաստաթուղթը Սթիվի հետ։


