26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանցի բնապահպանները Փաշինյանից պահանջել են փակել ՀՀ տարածքում գործող բազմաթիվ հանքեր․ ադրբեջանագետի մեկնաբանությունը

Ադրբեջանցի բնապահպանները Փաշինյանից պահանջել են փակել ՀՀ տարածքում գործող բազմաթիվ հանքեր․ ադրբեջանագետի մեկնաբանությունը

Ադրբեջանում գործող 24 հասարակական կազմակերպություն բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին։ Պահանջում են դադարեցնել ՀՀ տարածքում գտնվող ավելի քան 12 հանքարդյունաբերական ընկերությունների գործունեություն՝ պատճառ բերելով «Էկոլոգիական» որոշ հարցեր։

Ցանկում Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային և Կապանի լեռնահանքային կոմբինատներն են, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, Սոթքի հանքավայրը, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։ Շնող և Թեղուտ գյուղերի որոշ բնակիչների հողատարածքները, Գեղարքունիքի մարզում գործող ոսկու հանքարդյունաբերությունը, Հայաստանի Լոռու մարզի Ախթալայի հանքավայրը, Կապանի ալյումինի գործարանը, Կոտայքի մարզում գործող պղինձ, ցինկ և կապար արտադրող մետալուրգիական գործարանը, Գեղարքունիքի մարզի պղնձաձուլական գործարանը, Երասխի մետալուրգիական նոր կառուցվող գործարանը և Ամուլսարի ոսկու հանքավայրը։

Abc media-ի հետ զրույցում ադրբեջանագետ Արամ Փոլադյանը նշեց, որ այս ամենի հետևում կանգնած է Ադրբեջանի կառավարությունը․

«Նախկինում մենք չենք ունեցել նման նախադեպ։ Ադրբեջանը իրեն թույլ է տալիս միջամտել Հայաստանի ներքին հարցերին, անգամ խոսել միջազգային հանրության իրավունքից։ Բացի այդ սա նաև կանխարգելիչ քայլ է, որով ուզում են ցույց տալ, թե Երասխում կառուցվող գործարանը չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին»-, նշեց Արամ Փոլադյանը: