
ՀՀ-ում ձևավորվում է ավտորիտարիզմ․ եկեղեցու դեմ Փաշինյանի արշավը վտանգում է նաև ԱՄՆ-ի հետ գործընկերությունը․ միջազգային փորձագետներ
Աշխարհի առաջին քրիստոնեական երկրում եկեղեցու ավագ առաջնորդների վերջին ձերբակալությունները փաստացի լռեցնում են աշխարհի ամենահին եկեղեցիներից մեկի հոգևորականությանը և կարող են խոչընդոտել Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև զարգացող հարաբերություններին։ Ինչպես գրել է The Christian Post-ը, այս մասին զգուշացրել են մարդու իրավունքների միջազգային մասնագետները՝ փորձելով բարձրացնել Կապիտոլիումի բլրի օրենսդիրների իրազեկվածությունը։
Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից ավելի քան երեք ամիս անց, իրավական փորձագետներն ու քրիստոնեական իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչները ելույթ են ունեցել օրերս Ազգային ժողովրդավարական դաշինքի կողմից կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։
«Ես հատկապես մտահոգված եմ Փաշինյանի ջանքերով՝ եկեղեցում պառակտումներ ստեղծելու՝ աջակցելով դավաճան հոգևորականությանը», – նշել է Մեծ Բրիտանիայում բնակվող միջազգային իրավունքի գիտնական Պիտեր Ֆլյուն։
«Մեղադրանքները հիմնված էին հունիսին դատախազների կողմից հանրությանը ներկայացված ձայնագրությունների վրա, և այդ ձայնագրությունները, կարծես, ցույց են տալիս, թե ինչպես են Բագրատ արքեպիսկոպոսը և նրա կողմնակիցները քննարկում մարդկանց կրակելու և բռնություն կիրառելու մասին՝ հեղափոխության ժամանակ իշխանության գալու համար», – նշել է Շվեյցարիայում գործող «Christian Solidarity International» ՀԿ-ի միջազգային հաղորդակցությունների ղեկավար Ջոել Վելդկամպը։ Նա հավելել է, որ մոտ մեկուկես ամիս անց հրապարակվել են ամբողջական ձայնագրությունները, և հիմա պարզ է, որ դա նույնիսկ մոտավոր այն չէ, ինչի մասին խոսում էին։
Մասնագետը նաև հիշեցրել է, որ Փաշինյանը ձերբակալում է նաև քաղաքական գործիչների՝ դիմադրության ցանկացած ձայն լռեցնելու և վերահսկելու համար։ Նա ընդգծել է, որ այս իրադարձությունները միջազգային ուշադրության են արժանանում։
Վելդկամպը շեշտել է, որ Առաքելական եկեղեցու և Փաշինյանի միջև լարվածությունը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի և Հայաստանի հարաբերությունները գտնվում են «բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակի» վրա։ Սակայն նա մտահոգություն է հայտնել, որ «եկեղեցու դեմ հայ վարչապետի արշավը վտանգի է ենթարկում այս ամենը»։
«Նախագահ Թրամփը մեծ ժամանակ, էներգիա և քաղաքական կապիտալ է ներդրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը խթանելու համար։ Վարչակազմն ակնհայտորեն ոգևորված է այստեղ առկա ներուժով։ ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը խոստանում է Եվրասիայի միջով ավելի արագ առևտրային ուղի, որը շրջանցում է Ռուսաստանը և Իրանը և զգալիորեն կընդլայնի ԱՄՆ ազդեցությունը այս կարևոր տարածաշրջանում», – նշել է Վելդկամպը՝ հավելելով, որ Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի նման երկրներով շրջապատված Հայաստանը «երկար ժամանակ տարածաշրջանի ամենաազատ երկիրն է եղել»։ Սակայն այժմ մտավախություն կա, որ այնտեղ ձևավորվում է «ավտորիտար» համակարգ։
Ինչպես նշվել է հաջորդ ամռանը Հայաստանում նախատեսվում է անցկացնել ընտրություններ։
Անկախ ԱՄՆ-ի քաղաքականությունից Հայաստանի նկատմամբ՝ ֆոն Շլեպենբախը, ով ավելի քան 30 տարվա փորձ ունի կառավարական հարաբերություններում, նշել է, որ որոշ դեմոկրատներ խոսել են Հայաստանում տեղի ունեցողի մասին։ Նրանք կցանկանային, որ հանրապետականները նույնը անեին։ Նա հավելել է, որ ՀՀ ղեկավարության նման մոտեցումն իսկապես սպառնում է Հայաստանի ապագային, ԱՄՆ-ի հետ գործընկերությանը, խաղաղությունը պահպանելու կարողությանը։


