
Հուսանք՝ ՀՀ-ի քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում, և մենք միասին կշարժվենք առաջ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը տեղեկացնում է Հայաստանին կայացվող որոշումների մասին, և Երևանը չի միջամտում դրանց․ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը։ Մենք տեղեկացնում ենք նրան քարտուղարության մակարդակով քննարկվող և ընդունվող բոլոր նյութերի և փաստաթղթերի մասին։ Նրանք չեն մասնակցում քննարկումներին, բայց չեն խանգարում այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով, ինչպես այսօր տեղի ունեցավ Հավաքական անվտանգության խորհրդում։ Այս բոլոր փաստաթղթերը ուղարկվել են Հայաստան, նրանք տեղեկացված են, և մենք նրանցից ստացել ենք փաստաթուղթ, որում նշվում է, որ նրանք դեմ չեն այդ փաստաթղթերի ընդունմանը սահմանափակ ձևաչափով»,- բացատրել է գլխավոր քարտուղարը։
«Հուսանք, որ որոշակի ժամանակ անց Հայաստանի քաղաքական ղեկավարությունը կկայացնի հավասարակշռված որոշում, և մենք միասին կշարժվենք առաջ»,- հավելել է Տասմագամբետովը։
Ըստ կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ «Հայաստանի հարցը պարբերաբար բարձրացվում է ոչ միայն Հավաքական անվտանգության խորհրդի նիստերում և մամուլի ասուլիսներում. այն օրակարգում է լրագրողների հետ գործնականում յուրաքանչյուր հանդիպման ժամանակ»։ Նա նշել է, որ «Հայաստանը անկախ, ինքնիշխան պետություն է և իրավունք ունի միանալ կամ կասեցնել իր գործունեությունը որոշակի կազմակերպություններում»։


