
Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է նախատեսվում, որի ժամանակ կքննարկվի Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը․ Ռոման Երիցյան
Իմ տեղեկություններով՝ Արցախի առաջնորդարանում այսօր հոգևոր ժողով է նախատեսվում․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։
«Արցախի թեմի առաջնորդարանում՝ կոնկրետ վայրը չգիտեմ, բայց տեղեկացված եմ, որ այսօր պետք է գումարվի ժողով, որի ընթացքում քննարկվելու է Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Գիտեմ, որ նախկինում ևս նման կոչով դիմել են Վրթանես սրբազանին, սակայն սրբազանը նախատեսված տեքստից դուրս այլ հայտարարություններ է արել։ Այդ պատճառով ստեղծվել է նոր ժողով հրավիրելու ու նրան կոնկրետ պահանջ ներկայացնելու անհրաժեշտություն»,- ասաց նա։
«Այժմ սպասում եմ Վրթանես սրբազանի հետագա քայլերին․ նա ներողություն կխնդրի՞ արդյոք Արցախի ժողովրդից եկեղեցական գաղափարների շրջանակից դուրս գործողությունների, Փաշինյանի ձեռքը սեղմելու և նրա առջև խոնարհվելու համար։ Պետք է ասեմ, որ Վրթանես սրբազանի արարքը ես երբեք չեմ ների, և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով շարունակելու եմ պահանջել, որպեսզի նա ներողություն խնդրի արցախցիներից»,- հավելեց Ռոման Երիցյանը՝ նշելով, որ Վրթանես սրբազանի պաշտոնավարումը շարունակելու կամ չշարունակելու հարցն իր որոշելիքը չէ։
«Ես հարգում եմ Եկեղեցին և եկեղեցական կանոնները, ուստի կարգալույծ անելու կամ հեռացնելու պահանջ ես չեմ բարձրացնում․ դա Եկեղեցու ներքին կարգավորումների հարց է, որը պետք է լուծվի եկեղեցական կանոններով»,- ասաց փաստաբանը։


