02 Դեկ
2025
8° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս ձևավորել համաշխարհային հումանիտար դիվանագիտության կոալիցիա՝ Արցախի խնդրի միջազգայնացման հեռանկարով

Ինչպե՞ս ձևավորել համաշխարհային հումանիտար դիվանագիտության կոալիցիա՝ Արցախի խնդրի միջազգայնացման հեռանկարով

2025 թ. նոյեմբերի 30-ին` 23:59-ին, պաշտոնապես հայտարարեց, որ Մինսկի գործընթացն ու դրան առնչվող բոլոր կառույցները կապամոնտաժվեն:

Ո՞վ և ի՞նչ մեխանիզմով է ընդունել որոշումը

Որոշումն ընդունել է կառույցի Նախարարների խորհուրդը՝ կիրառելով «լռելյայն գործընթացի» (silent procedure) մեխանիզմը, այսինքն՝ որոշումն ուժի մեջ է մտնում, եթե կառույցին որևէ մասնակից պետություն չառարկի կամ չընդդիմանա մինչև ներկայացված նախագծի վերջնաժամկետը։ «Ոչ մի մասնակից պետություն (57-ից) առարկություն չի արտահայտել, ուստիև՝ որոշումն ընդունված է կոնսենսուսով». Այս մեխանիզմն է գործել: Այսինքն՝ ԵԱՀԿ-ն, առանց բաց քննարկման, ունի համաձայնություն, որ Արցախի հարցը փակված է: Չմոռանանք, որ ըստ ԵԱՀԿ կանոնադրության, այդ լռելյայն գործընթացի մեխանիզմի կիրառումը նույնպես պետք է համաձայնեցված լիներ բոլորի կողմից, իսկ եթե առարկություն չի եղել, ուրեմն գործընթացն իրավաչափ է և օրինաչափ:

Ի՞նչ է սա նշանակում:

Ո՞վ կարող էր խանգարել գործընթացը կամ խառնել խաղաքարտերը: Հայաստանը, կամ պաշտոնական Երևանի դաշնակից, գործընկեր, համատեղ շահեր ու հետաքրքրություններ ունեցող պետությունները: Գործընթացի տրամաբանական ավարտը, հիմա՝ հարցի լռելյայն փակումը նշանակում է, որ Հայաստանն իր դիվանագիտական ամբողջ զինանոցը գործածել է հարցի փակուղային ելքի չկայացման և 33-ամյա դե յուր գործընթացի ու առաքելության փակման համար:

Հնարավո՞ր է վերադարձ Մինսկի խմբի ձևաչափին

Հնարավո՞ր է Մինսկի շրջանակը վերագործարկել՝ դարձյալ օրակարգային դարձնելով Արցախի հարցը: Ո՛չ: Կան գործնական և իրավական արգելքներ: Հարցի փակումը ֆորմալ է և վերջնական. լուծարվել է գործընթացն սպասարկող ամբողջ կառուցվածքը, բոլոր ընդունված որոշումներն ու կարգավորումները համարվելու են «ոչ գործող»: Գործընթացի վերակենդանացման համար կրկին անհրաժեշտ է լինելու բոլոր 57 մասնակից պետությունների կոնսենսուսային որոշումը. նման գործընթացի վերսկսումը հնարավոր է բացառապես մեկ դեպքում՝ երբ բոլորը համաձայն են այն վերսկսել: Այսուհանդերձ, անհրաժեշտ քաղաքական կամքի ու նախանձախնդրության դեպքում, իրավական առումով հնարավոր է վերակազմավորել նոր միջպետական կամ բազմակողմ ձևաչափ, սակայն դա կլինի ոչ թե նախկին Մինսկի խմբի «վերաբացում», այլ նոր ձևաչափ: Նախկին կառուցակարգերն արդեն օրենքի ուժով չեն գործում, չհաշված իրողությունը, որ հին մեխանիզմների ու ձևաչափերի վերագործարկումը չունեն քաղաքական իրական աջակցություն:

Ի՞նչ մեխանիզմներ կան Արցախի հարցը ԵԱՀԿ շրջանակում վերագործարկելու

  • Մինսկյան գործընթացի փակումը ցույց է տալիս, որ պրոցեսն ընթացել է  ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական-օրինական սահմաններում, ինչը նշանակում է, որ միջազգային միջնորդական, բազմակողմ պաշտոնական ձևաչափերի ապամոնտաժումը հնարավոր է, նույնիսկ եթե կոնֆլիկտի խաղաղ կարգավորման մանդատն ունի տասնամյակների պատմություն, իսկ վերագործարկում հնարավոր է՝ համընդհանուր քաղաքական կամքի, գեոքաղաքական տրամադրվածության, շահերի կոնֆլիկտի և կոնսենսուսի պայմաններում։ Սա նշանակում է, որ եթե ԵԱՀԿ երկրների մեծամասնությունը (հատկապես այս հարցում շահագրգիռ պետությունները) չհամաձայնվեն, ապա վերագործարկում չի լինի։
  • Փաստացիորեն, ԵԱՀԿ Մինսկի գործընթացի փակումն էլ ավելի է սեղմում միջազգային հանրության ջանքերի օղակը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարատև, արդար և կայուն խաղաղության ու անվտանգության ճարտարապետության իրականացման գործում:
  • Հայաստանի (հետագայում) դիվանագիտական զինանոցն ունենալու է խիստ սահմանափակ հնարավորություններ՝ նույն պլատֆորմում վերագործարկելու կոնֆլիկտի արդար կարգավորմանն ուղղված քայլեր, հաշվի առնելով ԵԱՀԿ նախադեպային քաղաքական կոնսենսուսը։

Ի՞նչ հաջողություն կունենանք, եթե կրկին մտնենք նույն գետը

  • Պաշտոնական Երևանը (հետագայում) պիտի ունենա հստակ որոշում՝ Արցախի հակամարտության բանակցային փուլը վերագործարկել՝ հիմք ընդունելով ներքին օրենսդրության՝ Սահմանադրության դրույթները, իրավական ակտերն (1989-1994 թթ.) ու ազգային անվտանգության ռազմավարությունը, որոնք առնչվում են հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությանն ու իր՝ Արցախի անվտանգության երաշխավորի՝ քաղաքականապես լեգիտիմ և իրավականորեն հաստատված դերակատարմանը:
  • Երևանը պիտի դիմի ԵԱՀԿ Նախարարների խորհրդին կամ Մշտական խորհրդին՝ հարցը օրակարգ բերել արդեն նոր ձևաչափով։ Սա, բնականաբար, ծանր և բարդ աշխատանք է պահանջում, դիվանագիտական, գաղափարական, մարդկային, գիտամտավոր և վարչատեխնիկական մեծ ռեսուրսի հետևողական ներգրավում՝ ԵԱՀԿ կանոնակարգային պահանջներին համապատասխան: Սա, նույնիսկ ամենալավատեսական սցենարով, համարում եմ անիրատեսական, հաշվի առնելով Թուրքիայի, Ադրբեջանի  և կենտրոնասիական դաշնակից պետությունների միարժեք դիմադրությունը:

Որտեղի՞ց սկսել

  • Նախապատրաստվել՝ մասշտաբային բանակցությունների,
  • ՀՀ-ում հայրենազրկված արցախցիների պայմանների օբյեկտիվ գնահատման նպատակով՝ պահանջել (իրականում՝ օգտվել ընձեռվող մեխանիզմից) ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտի վերագործարկումը, ինչը նույնպես ենթադրում է մասնակից պետությունների միարժեք կոնսենսուս,
  • ԵԱՀԿ նոր մանդատի տրամադրումն (լավատեսական սցենար) սկզբնական շրջանում կարող է չպահանջել ինստիտուցիոնալ և պրոցեդուրալ ընդարձակում, փոխարենը՝ արցախցիների և ադրբեջանցիների միջև քաղաքակիրթ երկխոսության ապահովմանն ուղղված միջնորդական մանդատ («Dialogue facilitation»): Սա, թեև, պահանջում է դիվանագիտական լայն աջակցություն, այսուհանդերձ, կունենա ոչ ֆորմալ, թույլ բնույթ և կշրջանցի անվտանգությանն առնչվող խնդիրների համալիրը,
  • ԵՄ/ԵՄ-գործընկերությունների առաջնորդությամբ նոր բազմակողմ ձևաչափերի ստեղծումը: Քանի դեռ Բրյուսելը քաղաքականապես ակտիվ է, քանի դեռ ԵՄ-ը Հարավային Կովկասում իրականացնում է սահմանային անվտանգության քաղաքացիական առաքելություն, աջակցում քաղաքացիական հասարակության հորիզոնական երկխոսությանը, ԵՄ անմիջական մասնակցությունը կարող է բերել նոր ինստիտուցիոնալ հնարավորություններ (մոնիտորինգ, նորմատիվ աջակցություն, տեղում աջակցող խմբեր):

Մինսկի գործընթացի վերակենդանացումը դարձավ գրեթե անհնարին: Անհրաժեշտ է աշխատել նոր ձևաչափերի ներգրավման ուղղությամբ, դաշնակիցների ու գործընկերների վերաքարտեզագրմամբ: Սա ենթադրում է միջազգային ճնշումների մթնոլորտի ապահովում, Արցախի հարցի երկարատև իրավական միջազգայնացում, ՄԻԵԴ-ում անհատական կամ ագրեսոր պետության՝ Ադրբեջանի, դեմ հայցեր: Հայաստանը, Սփյուռքի լոբբիստական կառույցների ներգրավմամբ, պիտի կարողանա կառուցել համաշխարհային մարդասիրական դիվանագիտության կոալիցիա՝ խնդրի միջազգայնացման հեռանկարով: Ավելորդ է կրկնել, որ այս գաղափարական, գիտամտավոր, տեխնիկական ու կազմակերպչական բծախնդիր, հոգնեցնող և երկարատև աշխատանքը պիտի կատարվի ՀՀ գործող հակապետական նարրատիվների փիլիսոփայությունը մերժելուց, իսկ վարչակազմին՝ իշխանազրկելուց հետո:

Հեղինակ ` Աբրահամ Գասպարյան

 

Ռազմագերիներ