
ՀՀ-ն և ԵՄ-ն համագործակցությունը հասցնում են ռազմավարական մակարդակի․ Արարատ Միրզոյան
Հայաստանի և Եվրամիության գործակցությունը մտնում է նոր փուլ՝ ռազմավարական գործընկերության մակարդակ․ այս մասին այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մեր համագործակցությունը բարձրացրինք ռազմավարական մակարդակի, սա մեր ամբիցիաների վերջը չէ: Հայաստանի խորհրդարանը մարտ ամսին օրենք ընդունեց ԵՄ-ին անդամակցության մասին: Այսօրվա հանդիպման ուղերձը շատ կարևոր է՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունը մտնում է նոր փուլ»,- ասաց Միրզոյանը:
Բրյուսելում ընթանում է ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի 6-րդ հանդիպումը: Գործընկերության խորհրդի նիստի արդյունքներով՝ Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրել են գործընկերության ռազմավարական օրակարգը։


