03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել են միջնորդների շահավետ առաջարկները․ Տիգրան Աբրահամյան 

Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել են միջնորդների շահավետ առաջարկները․ Տիգրան Աբրահամյան 

ՀՀ կառավարության հրապարակած նյութերը ցույց են տալիս, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները մերժել են միջնորդների շահավետ առաջարկները․ այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակմանը։

ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 2-ին հրապարակել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող մի շարք փաստաթղթեր և նամակներ։ Դրանց թվում են նաև Մինսկի խմբի առաջարկները, որոնց համաձայն` պետք է ընդունվեր Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից ազատ կամարտահայտմանը համապատասխան, պարտադիր իրավական ուժ ունեցող որոշում, և միջազգային հանրությունը պարտավոր էր ճանաչել այդ քվեարկության ցանկացած արդյունք։

«ՀՀ իշխանությունը մի տարի առհասարակ հերքում էր նման փաստաթղթի գոյությունը, սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ այդ մասին ասացին համանախագահներն ու ՌԴ-ն։ Այսինքն՝ սա 44-օրյա պատերազմից առաջ կողմերին ներկայացված վերջին փաստաթուղթն է եղել։ Ցավով եմ մեջբերում Ադրբեջանի պաշտոնյայի ասածը, բայց ՀՀ իշխանության պատասխանը չկա, ու դաշտում միայն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ եթե այդ փաստաթուղթը ստորագրեմ, ժողովուրդն ինձ կսպանի։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը մերժել է այս առաջարկը, և դրանից հետո սկսվել են ռազմական գործողություններ»,- ասաց Աբրահամյանը։

Նրա համար տարակուսելի է, որ ներկայացված է, օրինակ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` 2018 թվականի հարցուպատասխանը խորհրդարանում, որը բոլոր լրատվամիջոցներով հանրայնացվել է, բայց գործող իշխանության դիրքորոշումը չկա։ Պատգամավորը նշեց` Արցախի բանակցային փաստաթղթերի մասին խոսելիս դրանք պետք է ներկայացվեն ամբողջապես։

Ընդդիմադիր պատգամավորն իշխանություններին հորդորեց հրապարակել նաև միջնորդների առաջարկների պաշտոնական պատասխանը։ Նա ընդգծեց, որ բանակցային այս փաթեթն ու ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը հստակ արտահայտում են, թե որոնք են եղել Սերժ Սարգսյանի «կարմիր գծերը» ԼՂ բանակցային հարցում։

«Հրապարակվեց նաև Սերժ Սարգսյանի նամակը Վլադիմիր Պուտինին, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հիմնական մոտեցումները, ի տարբերություն այսօրվա ղեկավարի, եղել են հստակ և անփոփոխ»,- նշեց Աբրահամյանը։

Ռազմագերիներ