
Թրամփը ո՛չ բարեկամ է, ո՛չ թշնամի, իսկ ՌԴ-ի հետ պատերազմի ռիսկը բարձր է. ի՞նչ են կարծում եվրոպացիները
ԵՄ բնակիչների կեսից ավելին կարծում է, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի հետ պատերազմի ռիսկը բարձր է։ Այս մասին վկայում է Cluster17 ընկերության անցկացրած հարցումը։
Ընկերությունը հարցում է անցկացրել Գերմանիայում, Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Լեհաստանում, Նիդեռլանդներում, Բելգիայում, Պորտուգալիայում և Խորվաթիայում։ Հարցման արդյունքների համաձայն՝ այս երկրներում հարցվածների 51%-ը ԵՄ-ի և Ռուսաստանի միջև պատերազմի ռիսկը բարձր է համարում, մինչդեռ 46%-ն այն համարում է ցածր կամ գոյություն չունեցող։
Հարցված երկրների բնակիչների կարծիքը հակամարտության դեպքում Ռուսաստանին դիմակայելու իրենց երկրի կարողության վերաբերյալ բացասական է եղել. 69%-ը նշել է, որ իրենց երկիրը չի կարողանա դիմակայել հակամարտությանը, մինչդեռ 26%-ը կարծում է, որ կարող է։ Միևնույն ժամանակ, վերոնշյալ երկրներում հարցվածների 15%-ը Չինաստանի հետ պատերազմի ռիսկը ևս բարձր է համարել, մինչդեռ 81%-ը՝ ցածր կամ գոյություն չունեցող։ Իրանի դեպքում այդ ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 17%՝ 77%-ի դիմաց, իսկ ԱՄՆ-ի դեպքում՝ 10%՝ 86%-ի դիմաց։
Բացի այդ՝ հարցվածների 48%-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ԵՄ-ի թշնամի, մինչդեռ միայն 10%-ն է նրան համարել բարեկամ, իսկ 40%-ը՝ «ո՛չ մեկը, ո՛չ մյուսը»։
ԱՄՆ-ի և Չինաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցվածների 55%-ը կարծում է, որ ԵՄ-ն պետք է «հավասար հեռավորություն պահպանի երկուսից էլ», 20%-ն առաջնահերթություն է տվել ԱՄՆ-ի հետ հարաբերություններին, իսկ 4%-ը՝ Չինաստանի հետ հարաբերություններին։
Հարցված երկրների բնակիչները դեռևս ամենահավանականն են համարել ահաբեկչական կազմակերպությունների հետ լայնածավալ պատերազմի ռիսկը. հարցվածների 63%-ն այն համարել է բարձր, իսկ 31%-ը՝ ցածր կամ գոյություն չունեցող։
Հարցումն անցկացվել է նոյեմբերի 22-28-ը՝ 9553 բնակչի շրջանում։


