
ԱՄՆ-ը ՀՀ կարտահանի քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ. դեսպան
Հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ․ իր ելույթում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։
«Ամերիկյան դիվանագիտական շրջանակներում ռազմավարական գործընկերության կարգավիճակը վերապահված է այն երկրներին, որոնց հետ ունենք սերտ բարեկամություն և գործընկերություն։ Այս կարգավիճակով սահմանվում են երկկողմ հարաբերությունների շրջանակային տիրույթն ու մեխանիզմները և սա ի ցույց է դնում, որ մենք այդ երկրի հետ աշխատում ենք որպես հավասար՝ խթանելով երկուստեք շահեկան հարաբերություններ»,-ասել է դեսպանը։
Նա նշել է, որ ռազմավարական գործընկերությունն այս տարվա մեր առաջընթացի միայն առաջին քայլն էր։
Դեսպան Քվինը խոսել է օգոստոսին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրի, TRIPP անվանումն ստացած ճանապարհի մասին։
Խոսելով ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, դեսպանն ընդգծել է, որ դրանից մեկը միտված է էներգետիկ անվտանգության շուրջ համապարփակ երկկողմ գործընկերությանը։
«Հայաստանի էներգետիկ անվտանգության առանցքային գործոններից են քաղաքացիական միջուկային էներգետիկայի մասով կարողությունները։ Այս նպատակով Միացյալ Նահանգներն ու Հայաստանը բանակցություններ են վարում այսպես կոչված «123 համաձայնագրի» շուրջ, որը Միացյալ Նահանգներին թույլ կտա Հայաստան արտահանել քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներ։
Այս համաձայնագիրը կնպաստի համագործակցությանը, քանի որ Հայաստանը դիտարկում է Մեծամորի միջուկային ռեակտորից ժամանակակից, ճկուն համակարգերի անցում կատարելու հեռանկարը։
Միացյալ Նահանգները, լինելով միջուկային էներգիայի ժամանակից արդյունաբերության ոլորտի առաջատար, Հայաստանին առաջարկում է միջուկային էներգիայի ապահով և անվտանգ շահագործման ապահովման և էներգետիկ անկախության բազմաթիվ հնարավորություններ ապագայի համար։
Էներգետիկ անվտանգության շուրջ մեր գործընկերությունը կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը, ցանցի արդիականացմանը և բիզնեսի ու համայնքների համար հուսալի էներգիայի մատակարարումներին»,-ասել է դեսպանը։


