
Հակամարտության այս գլուխը փակված է իրական խաղաղությամբ. Հաջիևի և Գրիգորյանի համատեղ հարցազրույցը Euronews-ին
Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը համատեղ հարցազրույց են տվել Euronews-ին:
Հաջիևի խոսքով՝ բանակցությունների վաղ փուլում կողմերը «լավ հնարավորություն են ունեցել հանդիպելու» Բրյուսելում, ինչից հետո երկու երկրների ղեկավարությունները որոշել են շարժվել դեպի խաղաղություն և «մի կողմ դնել համատեղ ունեցած տարաձայնությունները»։
Գրիգորյանը շարունակել է՝ ասելով, որ «երկրների ղեկավարությունները մտածում են, թե ինչպես խաղաղություն և կայունություն բերել տարածաշրջան», ինչը բերել է խաղաղության ինստիտուցիոնալիզացման մասին քննարկումներին։
«Հաջողությունը մեծ է, և մենք տոնում ենք այն: Բոլոր հակամարտություններում կողմերը միմյանց չեն վստահում, բայց մենք աշխատել ենք դրա ուղղությամբ: Ինչպես ասվում է հայտնի երգում, դա պատի մեջ ևս մեկ աղյուս է՝ այդ մեջբերման դրական իմաստով: Մենք աշխատել ենք դրա ուղղությամբ՝ փորձելով կառուցել վստահության այդ պատը, փորձելով շարժվել այդ ուղղությամբ», – նշել է Գրիգորյանը։
Ադրբեջանի ներկայացուցիչը հավելել է, որ խաղաղության գործընթացը «հաջողության պատմություն է՝ հակամարտությունների և պատերազմների գլոբալ համատեքստում», և քանի որ «հակամարտության այս գլուխը փակված է իրական խաղաղությամբ», Ադրբեջանն ու Հայաստանը միասին ձեռնամուխ են լինում տարածաշրջանի զանգվածային տնտեսական ընդլայնմանը՝ երկու ժողովուրդների ընդհանուր բարօրության համար:
«Մենք վստահ ենք, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերի իրականացումը կբարձրացնի փոխկախվածությունը և կամրապնդի խաղաղությունը, ինչպես նաև տնտեսական օգուտները երկու հասարակությունների համար: Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, և դրա ապացույցն այն է, որ ես և Հիքմեթը նստած ենք ձեր ստուդիայում՝ Դոհայում», – հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղարը:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ Վաշինգտոնում ձեռք բերված «մեծ, գեղեցիկ գործարքը» կբերի TRIPP ծրագրի իրագործմանը, որը «ամբողջովին կփոխի Եվրասիական մայրցամաքի տրանսպորտային քարտեզը»:


