
Կովկասի վերաբերյալ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից». Ալի Աքբար Վելայաթի
Կովկասի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը ոչնչով չի տարբերվում «Զանգեզուրի միջանցքից», և Իսլամական Հանրապետությունը կտրականապես դեմ է դրան. Mehr գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանի հետ զրույցի ժամանակ ասել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Նա նշել է, որ ծրագիրը «գործնականում նույն նախագիծն է, որի անունը պարզապես փոխվել է և այժմ իրականացվում է ամերիկյան ընկերությունների մուտքի տեսքով Հայաստան»։
Վելայաթիի խոսքով՝ «միջանցքը» ստեղծում է պայմաններ ՆԱՏՕ-ի ներկայության համար Իրանից հյուսիս և լուրջ սպառնալիք է ներկայացնում Իրանի և Ռուսաստանի անվտանգության համար։
«Փորձը ցույց է տվել, որ ամերիկացիները սկզբում մտնում են զգայուն տարածաշրջաններ թվացյալ տնտեսական նախագծերով, բայց աստիճանաբար նրանց ներկայությունը ընդլայնվում է ռազմական և անվտանգության չափումներով», – եզրափակել է նա:
Իրանում ՀՀ դեսպանության տարածած հայտարարության համաձայն՝ զրուցակիցները նշել են Իրան և Հայաստանի երկկողմ հարաբերությունների պատմական ու ռազմավարական բնույթը և փոխադարձ կամքը՝ դրանք առավել խորացնելու ուղղությամբ։
«Հակոբյանն ընդգծել է, որ «ԹՐԻՓ ուղին» կյանքի է կոչվելու պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա և ստեղծելու է լայն հնարավորություններ տարածաշրջանի փոխկապակակցվածության ու տնտեսական զարգացման համար», – ասվում է հայտարարության մեջ:


