
Վարչապետի թեկնածուի անունը կնշենք մեր քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը․ Նարեկ Կարապետյան
Միանշանակ մասնակցելու ենք ընտրություններին, վարչապետի թեկնածուի անունը կնշենք մեր քաղաքական ուժի ստեղծման հայտարարության օրը․ այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
«Նա կլինի ընդունելի և ընկալելի մեր հանրության համար»,- հավելեց նա։
«Մեր ձևովը» կհամագործակցի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանի հետ՝ հարցին նա պատասխանեց․ «ՀՀ 4 առաջնորդները, եթե շարունակեն, ու հաջորդ կառավարողը լինի նրանցից մեկը, երկրում միասնության հարցը հարցականի տակ կլինի, քանի որ հասարակության մի խավ չի ընդունում մեկին, մյուսը` էն մյուսին։ Մենք չենք կարող հասարակական համերաշխության հասնել մեր երկիրը ղեկավարած 4 ղեկավարներից որևիցե մեկի պաշտոնը ստանձնելու դեպքում»։
Եկեղեցու դեմ հարձակումների մասով․ դրանք, ըստ շարժման համակարգողի, իշխանության օրակարգն են, որոնց «ստիպված ենք արձագանքել»։
Ադրբեջանից Հայաստան ներմուծված բենզինի մասով․ երբ մենք գնում ենք ադրբեջանական բենզին, SOCAR-ը հարկ է տալիս, հարկը գնում է Ադրբեջանի բյուջե, բյուջեն էլ տալիս է բանակին, բանակը գնում է զինտեխնիկա, որն օգտագործվում է հայ զինվորի դեմ․ ասաց Նարեկ Կարապետյանը։
«Լրատվականների համաձայն՝ մենք 1,5 մլն դոլարի բենզին ենք ներմուծել, որի մոտ 250.000-300.000 դոլարը գնացել է հարկ Ադրբեջան պետությանը։ Այդ 1,5 մլն դոլարից մոտ 80.000 դոլարի չափով ադրբեջանական բանակին ֆինանսավորել ենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ՀԷՑ-ին, ապա այդ հարցում կա միջազգային դատարանի որոշում, որը ՀՀ ղեկավարը չի կատարում։
«Դրա պատասխանատվությունն իշխող ուժինն է, որի հետևանքները ժամանակի ընթացքում, ցավոք, ՀՀ-ն ստիպված է լինելու կրել»,- նշեց նա։


