
Օվերչուկը հայտարարել է Ադրբեջանի տարածքով Հայաստան արտահանումն ընդլայնելու ծրագրերի մասին
Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղով նախատեսում է Հայաստան մատակարարել նաև այլ ապրանքներ, այդ թվում՝ պարարտանյութեր. «Ռոսիա 24» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Վերջերս տեղի ունեցավ շատ կարևոր իրադարձություն՝ ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ և Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության սկզբից ի վեր առաջին անգամ անցավ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը։ Դա եղել է ռուսական հացահատիկ, ապա՝ ղազախական հացահատիկ, և մենք նաև քննարկում ենք այս գիծն այլ տեսակի բեռներով, այդ թվում՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը»,- նշել է նա։
Օվերչուկը հավելել է, որ Ադրբեջանը միաժամանակ սկսել է իր սեփական մատակարարումները Հայաստան՝ ուղարկելով նավթամթերք տեղափոխող գնացք։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Հայաստանը քննարկում են երկկողմ մատակարարումների ընդլայնումը հայկական ներմուծման միջոցով։
«Քննարկումը վերաբերում է Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի տարածքով հետադարձ բեռնափոխադրումների ապահովմանը»,- ասել է նա։


