
Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից․ Աշոտ Մինասյանի ուղերձը՝ կալանավայրից
«Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ (Երկաթ) Մինասյանը կալանավայրից ուղերձ է հղել։
«Դուք չեք կարողանալու մեզ կոտրել բանտելով։ Դուք մեզ օգնում եք և տրամադրում, որ մենք է՛լ ավելի կամային դառնանք ու ավելի վճռական մտնենք պայքարի։
Կալանավայրերը մարդկանց կամային որակները բացահայտելու համար են։ Իսկ մենք կոտրվող տեսակ չենք։ Պայքարը, ազատությունը և հաղթանակը նախ ձևավորվում է մարդու ուղեղում,այնուհետև դառնում իրագործելի և հաղթանակ։
Մեր և ձեր տարբերությունը կայանում է մի բանում,որ մենք ավելի շատ ենք սիրում մեր հայրենիքը, քան մեր անձը․․․
Մեր այսօրվա վիճակի համար պատասխանատուն մենք ենք։ Մեր հաղթանակները դեռ առջևում են։ Համախմբվենք մեր պայքարի առաջամարտիկների շուրջ, ընդդիմադիր դաշտում գտնվող մեր պատգամավորների հետ միասին մաքրենք հայրենիքը թրքամոլ խաժամուժից և ստեղծենք արժանապատիվ հայրենիք։
Հայրենիքից վեր, Հայրենիքից վեհ ոչինչ չկա աշխարհում։ Աշխարհի բոլոր պատերազմները հայրենիք ունենալու և տեսակը պահելու համար են, և կայանում են այն ազգերը, որոնք հայրենիք են կերտում։ Մեր ընկերներ Մոնթեն, Նորիկը, Դուշմանը, Սև հովազը, Մերուժը, Վուրգը… իմ եղբայրներ` Կարենը, Աղվանը, մեր որդիներ Ադամը, Քյարամը, Տարոնը, Արտակը, Սահակը, Կյաժը… երկնքից մեզ են նայում ու հավատքով սպասում մեր երկրի, մեր Արցախի ազատագրմանը. մեր հաղթանակին:
Իմ խոնարհումը ձեզ պատվելի Սրբազաններ, որ փակված եք կալանավայրերում, մի նոր «Խոր Վիրապում», որ «Բանտ վիրապներ» են կոչվում։ Սակայն որքան էլ ձեզ բանտեն, միևնույնն է՝ ձեզնից լույս է ճառագում, և այդ լույսը տարածվելու է ամբողջ աշխարհում, որտեղ գեթ մեկ հայ կա, ու լուսավորելու է նրանց սրտերը։
Ես հույսով ու հավատով սպասում եմ այն օրվան, որ շուտով դուրս կգաք «բանտ վիրապից» ու լույսով կլցնեք բոլորիս սրտերը։
Շնորհավոր բոլորիս գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը։ Թող գալիք Նոր Տարին և Սուրբ Ծնունդը ավետաբեր դառնան իմ ազգին, իմ բոլոր կալանավոր ընկերներին, որոնք գտնվում են Հայաստանի և ադրբեջանի բանտերում։
Ռևանշ լինելու է։ Աստված առաջ»,- ասվում է ուղերձում։


