
Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք․ Դահուկասպորտի ֆեդերացիան՝ «Ադրբեջան» բառը փակելու մասին
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան արձագանքել է Tour de ski մրցաշարի ժամանակ հայ դահուկավազորդի համազգեստի վրա «Ադրբեջան» գրվածքը փակելու վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հարցմանը․ այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը, որը հրապարակել է և՛ ԿԳՄՍ-ի հարցումը, և՛ ֆեդերացիայի պատասխանը:
Հունվարի 7-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել էր, որ գերատեսչությունը դիմել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա՝ պարզելու, թե ինչ խնդիր է եղել դահուկավազորդ Միքայել Միքայելյանի կոստյումի վրա «Ադրբեջան» գրության և այն փակելու հետ կապված։
«Տեղեկացնում ենք, որ ձեր կողմից նշված Tour de ski-ը պարզապես մրցաշար չէ, այլ դահուկավազքի աշխարհի գավաթի փուլերից մեկը: «Ադրբեջան» գրառումը եղել է ոչ թե մարզաշապիկի, այլ մրցումային համարի վրա: Մեր հայորդու քայլը առավել քան պարզ է, և կարծում ենք, որ չունի պարզաբանման կարիք»,- ի պատասխան ԿԳՄՍՆ հարցման՝ հայտնել են ֆեդերացիայից:
Իսկ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայի արժանապատվությունը չունի պարզաբանման կարիք»։
Հիշեցնենք, որ դահուկավազորդ Միքայել Միքայելյանը տուգանվել էր Tour de Ski-ի ժամանակ կոստյումի վրայի «Ադրբեջան» գրությունը (մրցաշարը հովանավորում է Ադրբեջանը) կպչուն ժապավենով ծածկելու համար։ Դեպքը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցարշավներից մեկի ժամանակ։ Դահուկավազքի կոստյումների վրա, ադրբեջանական գովազդից բացի, Tour de Ski-ի ամբողջ ընթացքում ցուցադրվել են երկրի անունով մեծ գովազդային վահանակներ։




