
Մենք միայնակ չենք, միջազգային աջակցությունը շուտով կժամանի․ Իրանի վերջին շահի որդին հայտարարել է «նոր փուլի» մասին
Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, հայտարարել է ազգային ապստամբության «նոր փուլի» մասին՝ իսլամական հանրապետությունը տապալելու նպատակով։ Փահլավին այս մասին գրել է X-ի իր էջում։
«Իրանի սիրելի ժողովուրդ, իմ քաջ հայրենակիցներ, վերջին երկու շաբաթների ընթացքում, հատկապես վերջին 4 օրերի, դուք ցնցել եք անօրինական իսլամական հանրապետության հիմքերը՝ զանգվածային և համազգային ցույցերի միջոցով: Այժմ, հենվելով վերջին կոչերին ձեր ճնշող արձագանքի վրա, ձեզնից ստացած հանրային մանդատով հայտարարում եմ ազգային ապստամբության նոր փուլի մասին՝ իսլամական հանրապետությունը տապալելու և մեր սիրելի Իրանը վերադարձնելու համար,- գրել է նա։
Նա նշել է, որ քաղաքների կենտրոնական փողոցները գրավելուն և պահելուն զուգահեռ՝ «ռեժիմի քարոզչության և կապի խափանման համար պատասխանատու բոլոր հաստատությունները պետք է դիտարկվեն որպես օրինական թիրախներ»:
«Պետական հաստատությունների աշխատակիցները, ինչպես նաև զինված և անվտանգության ուժերի ներկայացուցիչներն ունեն ընտրության հնարավորություն՝ կանգնել ժողովրդի կողքին և դառնալ ազգի դաշնակիցները, կամ ընտրել հանցակցությունը ժողովրդի մարդասպանների հետ և կրել երկարատև ամոթն ու դատապարտումը»,- գրել է նա:
Ըստ նրա՝ Իրանի բոլոր դեսպանատներն ու հյուպատոսությունները պատկանում են Իրանի ժողովրդին:
«Ժամանակն է, որ դրանց վրա բարձրացվի Իրանի ազգային դրոշը՝ այժմյան իսլամական հանրապետության ամոթալի պաստառի փոխարեն»,- գրել է Փահլավին:
Նա նշել է, որ Խամենեին և նրա ռեժիմն արդեն մի քանի ծանր հարվածներ են կրել, և որ ժողովուրդը նրանց չպետք է թույլ տա վերականգնվել։
«Ռեժիմը բախվում է ճնշման ուժերի լուրջ պակասի. ժողովրդի դեմ կրակոցների աճն ուժի նշան չէ, այլ վախի՝ փլուզման և արագ անկման վախի։ Մենք այլևս թույլ չենք տա, որ այս հանցագործները թափեն մեր երիտասարդների արյունը։ Մենք նրանց այդ հնարավորությունը չենք տա։ Մենք չենք նահանջի։ Իրանի ազատությունը մոտ է։ Մենք միայնակ չենք․ միջազգային աջակցությունը շուտով կժամանի։ Սպասեք իմ հաջորդ ուղերձներին։ Շատ շուտով մենք կվերադարձնենք մեր սիրելի Իրանը Իսլամական Հանրապետությունից, և ազատության ու հաղթանակի տոնակատարությունները կլցնեն մեր երկրի ամեն մի անկյունը», – գրել է Փահլավին։


