
Ոստիկանների գլխատման 4 դեպք ենք ունեցել, եղել են ողջակիզման դեպքեր, այդ ահաբեկիչներին վերապատրաստել և ուղարկել էին Իրան․ դեսպան
Իրանում ազգային արժույթի արժեզրկման պատճառով բողոքի ցույցերի ընթացքում բեկումնային պահ էին հունվարի 9-10-ը։ Պարզ դարձավ, որ ընթանում է մի շարժում, որի նպատակն Իրանում այն ամենի իրականացումն է, ինչ տեղի ունեցավ Սիրիայում․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«4 դեպք ենք ունեցել, երբ գլխատել են ոստիկաններին։ Եղել են ոստիկանների ողջակիզման դեպքեր, կրակոցներ»,- ասաց դեսպանը։
Նա նշեց, որ Իսրայելի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Պոմպեոն հայտարարել են, որ «Մոսադի» (Իսրայելի քաղաքական հետախուզություն) ներկայացուցիչները գտնվում են Իրանի փողոցներում:
«Պարզ դարձավ, որ դրանք միայն խոսակցություններ չեն․ այս ամենի հետևանքով սպանվեցին թե՛ իրավապահներ, թե՛ խաղաղ բնակիչներ, և նաև սպանվեցին հենց այդ ահաբեկչական խմբի անդամները, որոնք վերապատրաստվել և ուղարկվել էին Իրան»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Իրանի ժողովուրդը կարող է բողոք, պահանջ ունենալ, բայց «երբեք իր երկիրը չի վաճառի օտար հանցագործի»։
Այս պահի դրությամբ, ըստ նրա, Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում:
«Մարդիկ հասկացել են, որ այդ հավաքները մի խումբ մարդկանց կողմից ասպարեզ մտնելու փորձեր են, որոնք հանգեցրել են բռնությունների»,-ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը։


