
Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ Սիրանուշ Սահակյան
Ակնկալում ենք, որ հունվարի վերջին Բաքվում պահվող 15 գերիների դատավճիռը կհրապարակվի․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը։
«Մեր հայրենակիցներին արգելում են փոխանցել Աստվածաշունչ, սա նշանակում է, որ կա նաև կրոնական խտրական վերաբերմունք։ Անձով պայմանավորված խտրական վերաբերմունք կա Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Բոլոր գերիները շաբաթը մեկ հնարավորություն են ունենում զանգել տուն, իսկ Ռուբեն Վարդանյանը վաղուց չի զանգել։ Վարդանյանը նաև պիտի հանդես գար վերջին ելույթով, սակայն դատական նիստը հետաձգվել է՝ հանրային պաշտպանի առողջական վիճակով պայմանավորված»,-ասաց Սահակյանը։
Անդրադառնալով սիրիացի վարձկաններին վերադարձնելու փաստին՝ Սահակյանը նշեց, որ պիտի համաձայնագիր լինի ՀՀ-ի և Սիրիայի միջև, որի շրջանակում էլ կատարվեր գործարքը։
«Այն համաձայնագրերը, որոնք առկա են, կիրառելի չեն Սիրիայի նկատմամբ։ Ես հիմա չգիտեմ՝ Հայաստանն այլ լծակներ ունի՞ մեր մյուս գերիների վերադարձի համար։ Յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պատճառներ, բանակցություններ։ Առանց բանակցության՝ գործը կգնա փակուղի»,-ասաց իրավապաշտպանը։


