
Խոսել, թե մի TRIPP-ով, կամ միայն TRIPP-ով կարող ենք դիմագրավել արտաքին սպառնալիքներին, անհավանական եմ համարում․ Խոսրով Հարությունյանը՝ ՀՀ արտաքին հետախուզության զեկույցի մասին
ՀՀ արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է զեկույց 2026 թվականի ձեռքբերումների և անելիքների մասին։ Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Հայաստանին սպառնացող հավանական վտանգներին։
Փաստաթղթում տեղ են գտել նաև միջազգային տարբեր հակամարտություններ, սակայն, ինչպես 1992-1993 թվականների վարչապետ Խոսրով Հարությունյանն է ասում, չկա վերլուծություն, թե ինչպես են դրանք առնչվում Հայաստանին։ Արտաքին հետախուզության ծառայությունն իր զեկույցում անդրադարձել է մի շարք աշխարհաքաղաքական թեմաների, սակայն, ինչպես Հարությունյանն է նշում, չի պարզաբանել, թե, օրինակ, ռուս-ուկրաինական հակամարտությունն ինչպես կարող է ազդել Հայաստանի անվտանգության վրա։
«Խոսում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտի մասին, կամ Իսրայել-Իրան կոնֆլիկտի մասին, և չկա որևէ կապ, թե այդ ամենն ի՞նչ անդրադարձ կունենա Հայաստանի անվտանգությանը, ոչ մի կապ չկա, ոչ մի բան դրա մասին չեն ասում, այսինքն՝ այդ նույն ինֆորմացիան ես և Դուք ստանում ենք նաև լրահոսից»,- ABC Media-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հրապարակած զեկույցին, ասաց Խոսրով Հարությունյանը։
Զեկույցում տեղ է գտել նաև հիբրիդային պատերազմի մասին հատված, որտեղ ծառայությունը պնդում է, թե պայմանավորված 2026 թվականի խորհրդարանական ընտրությամբ՝ դրա վտանգն ավելի շատ է։
«Երբ խոսում է հիբրիդային պատերազմի մասին կամ հիբրիդային ազդեցության մասին, ակնհայտ է, որ կապում է այդ ամենն առաջիկա ընտրությունների հետ, և զարմանալի է, որ ասենք, օրինակ, Ադրբեջանից հնչեցվող տարբեր թեզեր, խոսույթներ ակնհայտորեն չեն որակվում որպես հիբրիդային ազդեցության դրսևորումներ։ Վերջին հաշվով՝ հիբրիդային պատերազմի իմաստը ո՞րն է, հիբրիդային պատերազմը նույնպես կոչվում է պատերազմ, որովհետև նպատակ ունես քո հակառակորդ պետությանն ապահովել պարտությամբ, բայց ոչ թե ռազմական գործողություններով, որոնք որպես կանոն բավականին թանկ են և մեծ կորուստների հետ են կապված, այլ օգտագործելով այլ գործիքակազմ՝ տնտեսական, էներգետիկ, տվյալ դեպքում՝ լոգիստի»,-ասաց Հարությունյանը։
Քաղաքական գործիչը նկատեց՝ զեկույցի կամ ուղերձի հեղինակները խոսում են հիբրիդային ազդեցության մասին, ըստ էության՝ կարևորագույն հանգամանքին չեն անդրադառնում։
«Ո՞րն է այդ կարևոր հանգամանքը։ Շատ դեպքերում հիբրիդային պատերազմ վարող պետության հիմնական նպատակը հակառակորդ պետության հասարակության պառակտումն է, եթե կարելի է ասել՝ բարոյալքումն ու բարոյազրկումը, հոգևոր առումով արժեզրկումը, և այդ տեսանկյունից Հայ առաքելական եկեղեցու դեմ արձանագրված ասպատակությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, ոչնչով չի տարբերում հիբրիդային ազդեցություններից։ Սրա մասին արձագանք ընդհանրապես չկա։ Որովհետև եթե արտաքին հետախուզությունը մտահոգ է հիբրիդային ազդեցությունների մասին, հիբրիդային ազդեցություններով, ապա ճիշտ կլիներ նաև արձանագրել այն հանգամանքը, որ մեր իսկ իշխանությունները մեր իսկ պետության ու սեփական ժողովրդի հանդեպ նույնպես հիմբրիդային պատերազմ են հայտարարել»,- ասաց նա։
«Ես, օրինակ, հիբրիդային այդ պատերազմի հնարավոր ազդեցության վերլուծության մեջ նման վերլուծություն չտեսա, փոխարենը՝ նկատեցի, որ մեծ կարևորություն է տրվում առաջիկա ընտրությունների կոնտեքստում հնարավոր ազդեցություններին։ Մեր երկիրը հիբրիդային ազդեցության տակ է գտնվում, ընդ որում՝ գտնվել է 2020-ին, 21-ին, 22-ին, 23-ին, 24-ին, 25-ին, և 26-ին է այդպես։ Դրանք կապված չեն միայն առաջիկա ընտրություններով։ Ինձ համար շատ կարևոր էր գնահատել վերլուծություն էներգետիկ, լոգիստիկ ոլորտում, այն հնարավոր զարգացումները, որոնք կարող էին ապահովել Հայաստանի համար հնարավորին չափով անվտանգ զարգացման հնարավորություններ, նախադրյալներ կստեղծվեին, ես այդպիսի վերլուծություն չեմ տեսել։ Օրինակ՝ խոսում են խաղաղության ինստիտուցիոնալիզացման մասին, բայց որևէ օրինակ չի բերում՝ TRIPP-ը խաղաղության ինստիտուցիոնալիզացման լավագույն կամ հերթական դրսևորո՞ւմն է արդյոք, թե՞ ոչ»,- հավելեց քաղաքական գործիչը։
Հարությունյանն այս զեկույցում բազում հակասություններ է տեսնում․«Նախաբանում ասվում է, որ խաղաղությունը հասանելի է, նույնիսկ անշրջելի է։ Եվ հետո ավելացվում է՝ Ադրբեջանի կողմից օգտագործվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը, ըստ էության, սպառնալիք է խաղաղությանը, և դրանից հետո ամրապնդում կամ պնդում է, թե մենք արդեն մոտեցել ենք խաղաղության ինստիտուցիոնալիզացմանը։ Կներեք, այստեղ լուրջ հակասություններ կան։ Ես, օրինակ, գտնում եմ, որ իրական ապաշրջափակումը՝ TRIPP-ը, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի համար Հայաստանի տարածքով Թուրքիային միանալու հարմարավետ ծրագիր։ Ամերիկյան կողմը հենց սկզբից ասել է, որ սրա համար ինքը որևէ պարտավորություն չի ստանձնում, հետևաբար ենթադրել, որ այդ մեկ հայտարարությամբ բացառում ենք ռազմական գործողությունները կամ այլ ազդեցություն՝ Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար անհնար է»։
Հարությունյանը հիշեցրեց, որ վերջերս Մարկո Ռուբիոյի և Արարատ Միրզոյանի ստորագրած պայմանագրով ևս ԱՄՆ-ն ոչ միայն պատասխանատվություն չի կրում այդ տարածքի համար, այլ նաև փաստաթղթում հստակ գրված է, որ ԱՄՆ-ն իրեն իրավունք է վերապահում իրենց մասնաբաժինն օտարելու կամ երրորդ երկրին նվիրելու։
«TRIPP-ն ինքնին որևէ խաղաղության ինստիտուցիոնալ երաշխիք չի ստեղծում։ Դա պատրանք է, այդպիսի բան գոյություն չունի։ Թվում է, թե որպես արտաքին հետախուզություն՝ վերլուծական փաստաթուղթ պետք է հրապարակեր, բայց այլ բան տեսանք։ Ի՞նչ է դա տալիս Հայաստանին՝ անվտանգության տեսանկյունից: Փոխարենը պնդում են, որ ըստ էության, դա բերելու է տարածաշրջանում կայունության և խաղաղության անշրջելիության։ Ո’չ, ես այդ կարծիքին չեմ, Մեղրիով հաղորդակցության վերականգնումն Ադրբեջանի, Թուրքիայի միջև Հայաստանին ոչինչ չի տալիս, նույնիսկ տնտեսական առումով առանձնապես մեծ բաներ չենք ստանալու, առավելապես երբ նախատեսված է ստացված եկամտի 76%-ը տալ ամերիկյան ընկերությանը, 24%-ը՝ Հայաստանի կառավարությանը»,- ասաց Խոսրով Հարությունյանը։
Որ Ադրբեջանը գնում է իր տնտեսության ռազմականացման ճանապարհով, դա ակնհայտ է,պնդում է Հարությունյանը։
«Այդ պայմաններում խոսել, թե մի TRIPP-ով, կամ միայն TRIPP-ով կարող ենք դիմագրավել արտաքին սպառնալիքներին, այդ թվում` նաև ռազմական, ես քիչ հավանական, ոչ թե քիչ հավանական, այլ անհավանական եմ համարում։ Ես, օրինակ, որպես քաղաքացի, ուզում էի կարդալ և հասկանալ, թե մեր արտաքին հետախուզությունն ի՞նչ անալիտիկայի հիման վրա է ներկայացնում զեկույցը, ի՞նչ է պետք անել, որպեսզի մեր արտաքին սպառնալիքներին դիմագրավելու հանրային կարողություններն ավելանան, ինստիտուցիոնալ կարողություններն ավելանան։ Ես նման վերլուծություն չեմ տեսել։ Այստեղ ավելի շուտ խոսքը փաստերի շարադրման մասին է, փաստեր, որոնք ես և Դուք, և շատ շատերը լրահոսից ստանում են»,- եզրափակեց նա։


