
ԵԽԽՎ Վեհաժողովը կոչ է անում բարելավել ՀՀ-ում քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները
ԵԽԽՎ Վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնել Հայաստանի վարչապետի և Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածության և եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումների կապակցությամբ: Այս մասին նշվել է վեհաժողովում ընդունված զեկույցում։
Վեհաժողովը ցավում է Հայաստանում բոլոր կողմերի կողմից քաղաքական հակառակորդների չափազանց բևեռացման և խարանման համար:
Վերահաստատելով, որ 2018 թվականից ի վեր երեք անընդմեջ ընտրությունները զերծ են եղել խախտումներից, Վեհաժողովը վերահաստատում է պետական միջոցների չարաշահման և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը:
2026 թվականի հունիսին կայանալիք ընդհանուր ընտրություններից առաջ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության և ընդդիմության միջև հարաբերությունները՝ ապահովելու համար, որ ընտրարշավը լինի թեմատիկ և քաղաքական ուղղվածության, և զերծ լինի ընտրությունների մասնակիցների միջև անձնական հարձակումներից:
Այս համատեքստում՝ Վեհաժողովը հղում է կատարում Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի Եվրոպական հանձնաժողովի (ECRI) առաջարկությանը, որ «ընտրված մարմինները և քաղաքական կուսակցությունները պետք է ընդունեն համապատասխան վարքագծի կանոններ, որոնք արգելում են ատելության խոսքի օգտագործումը, կոչ են անում իրենց անդամներին և հետևորդներին ձեռնպահ մնալ դրա մեջ ներգրավվելուց, հավանություն տալուց կամ տարածելուց, և նախատեսեն պատժամիջոցներ»:
Վեհաժողովը հաշվի է առնում ներկայիս վարչապետի մտադրությունը՝ կազմակերպել սահմանադրական հանրաքվե 2026 թվականի համընդհանուր ընտրություններից հետո։


