
Բանակում հոգևորականների պակասը խորացնելու է խնդիրները․ Տեր Պսակ
Զինված ուժերում հոգևոր ծառայողների գործունեությունը դադարեցնելու՝ պաշտպանության նախարարի հրամանն անակնկալ չէր։ Հոգևորականների դեմ սպառնալիքներին հետևելու էր այս քայլը․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Տեր Պսակ քահանա Մկրտչյանը։
«Ի պատիվ մեր գնդերեցների ճնշող մեծամասնության՝ նրանք մնացին իրենց ուխտին, երդմանը, ծառայությանը և մարդկային որակներին հավատարիմ»,- նշեց քահանան։
Տեր Պսակ քահանան շեշտում է, որ բազմաթիվ զինվորականներ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարությունում այսօր պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք, կարող են վկայել գնդերեցի նույնիսկ «լուռ ներկայության» կարևորության մասին բանակում։ Նրա խոսքով՝ գնդերեցները տարիներ շարունակ մեծ ծառայություն են մատուցել ոչ միայն ՀՀ Զինված ուժերում, այլև Արցախի պաշտպանության բանակում՝ լինելով զինվորի և սպայի կողքին՝ որպես վստահելի ընկեր, հոգևոր և մարդկային աջակցություն ցուցաբերող անձ։
Քահանան ընդգծեց, որ գնդերեցությունը պարզապես ծառայություն չէ բանակում, այլ հոգևոր սպասավորություն, որն իրականացվում է Քրիստոսի պատգամին ու պատվիրանին համապատասխան։
«Ինչպես եկեղեցիներում հոգևորականները հոգևոր խնամք են տանում իրենց համայնքի անդամների հանդեպ, այնպես էլ բանակը մեծ համայնք էր՝ իր հոգևորականներով, որոնք իրականացնում էին իրենց կոչման պարտականությունները»,- ասաց նա։
Տեր Պսակ քահանան նշեց նաև, որ գնդերեցների գործունեության շնորհիվ տարիների ընթացքում կանխվել են բազմաթիվ արատավոր երևույթներ, այդ թվում՝ ինքնասպանության և ինքնավնասման դեպքեր։ Նրա խոսքով՝ եղել են նաև նահատակված և անհայտ կորած հոգևորականներ, որոնք ծառայել են պատերազմական պայմաններում զինվորի կողքին։
«Ժամանակը, ցավոք, կարող է ցույց տալ, թե գնդերեցների բացակայությունն ինչ հետևանքների կհանգեցնի բանակում։ Չեմ ցանկանա, որ մեր բանակը, զինվորը կամ սպան նման փորձությունների առաջ կանգնի, բայց որոշումը կայացվել է, և մեզ փաստացի դուրս են թողել բանակից»,- ասաց քահանան։
Նա չի բացառում, որ գնդերեցների բացակայության պայմաններում ապագայում բանակում կարող են ներգրավվել այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ՝ հիմնվելով այն փաստի վրա, որ բանակը հասարակության արտացոլումն է, և տարբեր կրոնական հայացքներ ունեցող քաղաքացիներ են զորակոչվում զինված ուժեր։
Քահանան հիշեցնում է, որ 2019 թվականին, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ, Սուրբ Աստվածածին եկեղեցին հանձնվել է Զինված ուժերի Հոգևոր առաջնորդությանը՝ զինվորների և սպաների հոգևոր կարիքները բավարարելու նպատակով։ Այդ օրվանից ինքը ծառայել է այնտեղ որպես հոգևոր հովիվ։
«Մեծագույն ցավ է, որ առաջին հերթին զինվորին և սպային կտրում են հոգևոր միջավայրից։ Ցավ է նաև, որ Աստծո տունը կարող է հայտնվել ուժային կառույցների վերահսկողության տակ։ Աստծո տունը բոլորի առաջ բաց է, այնտեղ մտնում են միայն աղոթքով, խաղաղությամբ և միասնությամբ»,- ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ հունվարի 31-ին ԶՈւ Հոգևոր առաջնորդության եկեղեցու բակում Ռազմական ոստիկանության մեքենա էր կայանված, որն այնտեղ մնաց մինչև ժամը 13։30-ի սահմանները։ Հոգևորականներն առաջին անգամ եկեղեցու բակում տեսան Ռազմական ոստիկանության ծառայողների։ Նրանք միայն այն օրերին են լինում եկեղեցու բակում, երբ բարձրաստիճան զինվորականներ են գալիս։ Այդ օրը չկային։
ՌՈ ծառայողները որևէ մեկնաբանություն չեն տվել։ ՊՆ մամուլի քարտուղարի խոսքով՝ մի քանի զորամաս կա այդ հատվածում, բնականոն ծառայություն են տանում։


