12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լրանում է ՌԴ-ԱՄՆ միջուկային զենքի վերահսկման վերջին պայմանագրի ժամկետը․ ի՞նչ է սա նշանակում

Լրանում է ՌԴ-ԱՄՆ միջուկային զենքի վերահսկման վերջին պայմանագրի ժամկետը․ ի՞նչ է սա նշանակում

Կրեմլը հայտարարել է, որ ափսոսում է Միացյալ Նահանգների հետ միջուկային զենքի վերահսկման վերաբերյալ իր վերջին պայմանագրի՝ New START-ի ժամկետի լրանալու համար՝ նշելով, սակայն, որ կգործի պատասխանատու կերպով աշխարհի ամենամահացու զենքի տեղակայման սահմանափակումների վերացումից հետո․ գրում է Reuters գործակալությունը։

New START-ը, որը նախատեսում էր սահմանափակումներ երկու կողմերի հրթիռների, արձակման կայանքների և ռազմավարական մարտագլխիկների համար, մոտ 50 տարի առաջ Սառը պատերազմի ժամանակ կնքված միջուկային համաձայնագրերի շարքից վերջինն էր, որ մինչ օրս ուժի մեջ էր։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը պահպանեն պայմանագրի հիմնական դրույթները ևս մեկ տարով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես չի պատասխանել առաջարկին՝ նշելով, սակայն, որ ցանկանում է ավելի լավ համաձայնագիր կնքել, որտեղ ներգրավված կլինի նաև Չինաստանը։

Պեկինը հրաժարվել է Մոսկվայի և Վաշինգտոնի հետ բանակցություններից, քանի որ ունի նրանց ունեցած մարտագլխիկների թվի մի փոքր մասը՝ մոտավորապես 600 միավոր՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի մոտ 4000-ական մարտագլխիկների համեմատ։

«Թե ինչ կլինի ապագայում, կախված է իրադարձությունների զարգացումից», – ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ ՌԴ-ն, «ինչպես միշտ, առաջին հերթին կառաջնորդվի իր ազգային շահերով»։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել է 2010 թվականին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից։ Համաձայնագրի ժամկետը լրանում է այսօր՝ 2026 թվականի փետրվարի 5-ին։

Ռազմագերիներ