
Խմբակային փոխանցումներ, սահմանաչափի խախտում ու քրեական գործեր. ինչպես է ձևավորվում ՔՊ-ի բյուջեն
«Վարչաբենդի» միջոցառմանը 0 դրամ է ծախսվել պետական բյուջեից», – փետրվարի 1֊ին լրագրողներին ասաց Գևորգ Պապոյանը։ Նա նշեց` միջոցառման վրա ծախսվել են կուսակցության միջոցները։ Իսկ ինչպե՞ս է ձևավորվում կուսակցության բյուջեն Դրանց հիմնական մասը բյուջե է մտնում նվիրատվություններից։
2022
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը իշխանության գալուց ի վեր աչքի է ընկել կուսակցությանն արված խմբակային նվիրատվություններով, որոնցում մասնագետները խախտումներ էին արձանագրել։
2022-ին, օրինակ, 140 նվիրատուներից բոլորը, բացի վեցից, ՔՊ-ի թեկնածուներն են եղել 2022-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 31 նվիրատուներից 15-ը հերքել են, որ գումար են նվիրաբերել կուսակցությանը:
Ավագանու ամենաքիչը տասը թեկնածու տարբեր քաղաքներից նույն օրը ՔՊ-ին փոխանցել էր նույն չափով գումար: Ավագանու 26 անդամի նվիրատվությունը կազմել է հայտարարագրում լրացված եկամտի գրեթե կեսը։
2022-ին 4 հոգի ՔՊ կուսակցությանը նվիրաբերել է 2,5 մլն դրամը գերազանցող գումար, անանուն փոխանցումներ, որ արգելված են օրենքով. սա պատճառ դարձավ 2024-ին քրեական գործի հարուցման, որը Հակակոռուպցիոն կոմիտեն կարճեց նախորդ տարեվերջին։
2023
2023-ը նշանավորվեց քաղաքացիների ստորագրությունն ու անձը հաստատող փաստաթուղթն օգտագործելով՝ ՔՊ-ին անհայտ ծագման 2.5 միլիոն դրամներ են փոխանցելու պատմությամբ։ Քաղաքացիների մի մասն անգամ տեղյակ չի եղել իր անունով արված նվիրատվություններից։
2021-ին կառավարության նոր բարեփոխումներով արգելվեցին բիզնեսների կողմից նվիրատվությունները։ Փոխարենը սկսեցին բիզնեսների հետ փոխկապակցված անհատները խոշոր գումարներ փոխանցել ՔՊ-ին։
2023-ին 2.5 մլն դրամ փոխանցած 140 նվիրատուների մեծ մասը կապակցված է տարբեր բիզնեսների հետ։ Առնվազն 8-ը աշխատում էին «Երեմյան փրոջեքթսում»։ «Վիլլաշին», «Ջերմուկ Գրուպ», «Զովեր քնսթրաքշն», «Մագնոլիա կոմֆորտ 2», «ՋիԷյԷյջ», «Ջի Էմ Քեյ փարթներս», «Ստրոյ մաստեր Միխայիլ», անվտանգության ապահովման մասնավոր գործունեություն իրականացնող «Արագ արձագանքման գվարդիա» ընկերությունների հետ փոխկապակցված անձինք ևս թույլատրելի առավելագույն չափով գումար են փոխանցել ՔՊ-ին։
Խոշոր՝ 1 միլիոնից մինչև 2.5 միլիոն դրամ նվիրատվություննեով հետ չեն մնացել նաև քաղաքական գործիչներն ու նրանց փոխկապակցված անձինք։
2024
Այս առումով հատկանշական է հատկապես 2024 թվականը։ Ակտիվ են եղել ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին և նրան պատկանող «Սիլ Մաազա» ընկերությանը փոխկապակցված անձինք՝ 9 հոգի, յուրաքանչյուրը՝ 2.5-ական միլիոն դրամով։
2024-ին քիչ չէին խմբային նվիրատվությունները։ 4 տարբեր խմբային փոխանցումներ՝ իրար հաջորդող մի քանի ամսվա ընթացքում։
Մարտի 29-ից ապրիլի 2-ը՝ 12 հոգուց 29 միլիոն, մայիսի 13-17-ը 34 միլիոն, որից 32 միլիոնը 13 նվիրատուներից, հունիսի 5-13-ը՝ 20 միլիոն, որից 14․5 միլիոնը՝ 1 և ավելի միլիոն դրամ փոխանցած 11 նվիրատուներից, սեպտեմբերի 16-17-ը՝ 11 նվիրատուներից 20 միլիոն դրամ։
2024 թվականին ՔՊ-ն ընդհանուր 139 միլիոն դրամի մուտքեր է ունեցել, որի 80%-ից ավելին ձևավորվել է 1-2.5 միլիոն դրամ նվիրաբերած 54 անձանց փոխանցումներից։ 31 հոգի նվիրաբերել է առավելագույն սահմանաչափով՝ 2․5 միլիոն դրամ։
Քաղաքացիական պայմանագրի ֆինանսավորման վերաբերյալ 2022-2024 թվականների պաշտոնական հաշվետվությունները ցույց են տալիս, որ կուսակցության միջոցների ձևավորման առանցքում շարունակաբար գտնվել են նվիրատվությունները՝ հատկապես խոշոր և խմբակային փոխանցումները։ Տարբեր տարիների արձանագրվել են ինչպես սահմանաչափին մոտ, այնպես էլ առավելագույն թույլատրելի չափով իրականացված նվիրատվություններ, այդ թվում՝ փոխկապակցված անձանց մասնակցությամբ։
Այս ֆոնին կուսակցության ֆինանսավորման նախորդ տարիների օրինաչափությունները ձևավորում են այն մեկնարկային պատկերը, որի պայմաններում Քաղաքացիական պայմանագիրը մտնում է նախընտրական տարի։


