
Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն. Փաշինյանի հարցազրույցը` կետերով
ԱՄՆ փոխնախագահի այցը Հայաստանը դարձնում է համաշխարհային քննարկման թեմա. Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք հարցազրույցը կետերով.
- Ընդդիմությունը միշտ քննադատում է՝ ներդրումների պակաս կա, բայց հիմա մեծ գումարների ներհոսք է լինելու․ մենք խոսում ենք ներդրումային նոր էկոհամակարգի մասին։
- Հայաստան-Ադրբեջան բանակցություններում տնտեսությունը վազանցում է քաղաքականությանը, և երբ նման բան է լինում, նշանակում է՝ քաղաքական հայտարարություններն իրականություն են դառնում։
- Մենք չխոսեցինք սահմանային վիճակի մասին, բայց քննարկել ենք կոնֆլիկտների հետևանքները։
- Քննարկել ենք նաև անազատության մեջ գտնվողների հարցը, կխնդրեի դրա շուրջ մանրամասներ քիչ սպասել, բայց այդ հարցը մեր օրակարգում է, որը բարձրացրել ենք, բարձրացնում ենք և փորձելու ենք կարգավորել։
- TRIPP-ն ընկալենք որպես ներդրումային ծրագիր, որն իրականացվում է ՀՀ-ում․ Ադրբեջանում TRIPP չկա, ես չեմ կարող ասել, թե այնտեղ ինչ կլինի։
- Ըստ պայմանավորվության՝ 50 տարուց հետո Հայաստանի բաժնեմասը դառնալու է 49%։
- Մենք դիսկոմֆորտ ունեինք 50 տարի, 99 տարի թվերի հետ, բայց մեկ այլ կողմից նայեցինք. ԱՄՆ-ն 99 տարի ներդրումներ է անելու։
- Ես փնտրում եմ և չեմ տեսնում մեր պատմության մեջ, որ 99 տարվա հեռանկար, պլան ենք ունեցել, որն էլ գծել ենք աշխարհի գերտերության հետ։
- Այդ վճիռներն ինձ համար ցավալի են, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, որ կոնֆլիկտն ունի իներցիա․ մեկ մարդը չի կարող դա կանգնեցնել։
- Եթե չլիներ խաղաղություն, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա, և եթե խաղաղությունը չզարգանա, այդ հարցի լուծումը հնարավոր չէր լինի։
- Եթե մենք միջազգային հարթակներում բարձրաձայնեինք նրանց վերադարձի հարցը, Վագիֆ Խաչատրյանը չէր վերադառնա։
- Սահմանազատման հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինում, և 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի հիման վրա արձանագրելու ենք ՀՀ-ի և Ադրբեջանի սահմանները։
- TRIPP-ի հատվածում սահմանազատումն ավանդական ձևով շատ երկար կտևի։
- Քննարկվում է ավտոճանապարհով Ադրբեջանի սահմանն ուղիղ հատելը․ երկաթուղի դեռ չունենք։ 1990-ականներից այս կողմ առաջին անգամ է, որ գնացք է մուտք գործում Հայաստանի Հանրապետություն։
- ՌԴ-ի շահերին վնասելը չկա մեր օրակարգում։ Որևէ մեկը չի կարողանալու ներքաշել ՌԴ-ի դեմ գործելու մեջ։ Մենք ՌԴ գործընկերներին ասում ենք՝ մենք չենք վիճելու Ձեզ հետ, որովհետև մենք գնահատում ենք Ձեզ։ Նաև անհատական կապերն են ուժեղ։ Մենք չենք գործելու ՌԴ-ի դեմ, բայց գնալու ենք ՀՀ-ի շահերին համապատասխան։ Այստեղ կարող են խնդիրներ ու հատումներ առաջանալ։ Մենք Ռուսաստանի դեմ չենք կռվելու։
- Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ։ Մենք նախորդ շրջանում տեսել ենք դրսևորումներ, որ Եկեղեցին փորձում է դիրքավորվել պետություն պետության դեմ։ Եկեղեցին չպետք է զբաղվի ներքաղաքական կյանքով։
- Եկեղեցու «բարենորոգչական» ծրագիրը հոգևորականների բարոյականության, ֆինանսական թափանցիկության մասին է։
- Մայր Աթոռի զանգերը հնչում են՝ մարդկանց հրավիրելու, բայց մարդ չի արձագանքում դրան։ Անհնար է ունենալ արժեքահեն հասարակություն, երբ մեր Մայր Աթոռն ախտահարված է։ Ինչքան պետք լինի, այդ ճանապարհով կգնամ, բայց լեգիտիմությամբ միայն։
- Երբ ես 1 դրամ աշխատավարձ ստանամ ու այստեղ գամ, ասեք՝ այդ կոստյումը Ձեզ որտեղի՞ց, ի՞նչ եմ պատասխանելու։
- Ընտանիքի անդամներն անգամ չպետք է կարողանան շեղել կենտրոնացած պաշտոնյային՝ երեխայի կոշիկի, ուսման վարձի, հայտնի «տուն գալիս հաց կբերես» արտահայտություններն ու մտքերը։
- Այս ընտրությունը պատմաքաղաքական ընտրություն է, պետք է կատարենք պատմական ընտրություն։ Մենք հիմա պատմական ցիկլից դուրս գալու հնարավորություն ունենք։ Հայաստանը գտնվում է այնտեղ, որտեղ միշտ գտնվել է, և Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն։


