
Ավագանու ցուցակում ընդգրկված և նույն դաշինքի աջակիցները խոչընդոտել են մի շարք անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը․ ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի նոյեմբերի 16-ին Վաղարշապատ խոշորացված համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի ավագանու ցուցակում ընդգրկված Ս.Դ.-ն, Ն.Օ.-ն և նույն դաշինքի աջակիցներ Ա.Ա.-ն և Մ.Մ.-ն նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, ընտրությանը մասնակցելու իրավունք ունեցող մի շարք անձանց ուղղորդել են քվեարկել դաշինքի օգտին` այդ կերպ խոչընդոտելով անձնական ընտրական իրավունքի ազատ իրականացմանը:
Նախաքննության ընթացքում 7 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը):
6 անձ ձերբակալվել է՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Վերջիններիս բնակության հասցեներում և կից օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող փաստաթղթեր:


