
Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում՝ կետերով
Ապաշրջափակման համատեքստում գործնականում այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման հարցը չի քննարկվում․ այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացնում ենք ԱԺ-ում նրա ելույթը՝ կետերով․
- Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ճանապարհն է։
- Մեր բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Ադրբեջանով բաց է, Ադրբեջանից հավաստիացումներ էլ ունենք։
- TRIPP-ի մասով՝ առաջիկա օրերին ԱՄՆ մեր գործընկերներին կփոխանցենք նախագծի հետ կապված մեր դիտարկումները, որը հիմնված է լինելու երկու երկրների կառավարությունների հաստատած շրջանակի վրա։ Սկսվել է նախագծի տեխնիկա-տնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը, որը շատ կարևոր է նախագծի իրագործման համար։
- Միջուկային էներգետիկայի ոլորտում կտեսնենք՝ ինչպես ենք շարունակում մեր համագործակցությունը, այստեղ մի քանի գործընկերների հետ ունենք երկխոսություն, և որոշում կկայացնենք այն նախագծի օգտին, որն առավելագույնս համապատասխանում է ՀՀ շահերին։
- Այն, որ Մեծամորի ատոմակայանը պիտի փակվի, դա համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստանձնել է Սերժ Սարգսյանը։ Հիմա մենք ասում ենք, որ նոր ատոմակայան ունենալու հարցը քննարկում ենք մի քանի գործընկերների հետ՝ ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Հրվ․ Կորեա և Չինաստան։
- Մենք գտնվում ենք Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարեցնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի 10 տարով երկարեցնելու հնարավորություն կլինի։ Այսինքն՝ մինչև 2046 թվականը մենք պետք է կայացնենք որոշում։
- Այն պահից, երբ Հայաստանում կսկսեն գործել բիոմետրիկ անձնագրերը, իսկ դա մենք սպասում ենք 2027-ի աշնանը, մեր օդանավակայանում և բոլոր կետերում պետք է գործեն անշփում անցման ուղիները, այսինքն՝ այդ անձնագրերն ունեցող քաղաքացիները պետք է առանց կոնտակտի հատեն սահմանը։ Իսկ դրա համար պետք է, որ ԱՄՆ-ն կիսվի իր տեխնոլոգիաներով։ Ես երեկ ԱՄՆ փոխնախագահի հետ քննարկել եմ այս թեման ու ստացել հավաստիացում։
- Հրազդանում կկառուցվի ԱԲ կենտրոն, ներդրումները կարող են հասնել մինչև 4 մլրդ դոլարի։


