
Հայաստանն ու Թուրքիան ուղիղ առևտուր կանեն․ թուրքական լրատվամիջոցը մանրամասներ է հրապարակել
Թուրքիան և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել Վրաստանի տարածքով ուղիղ ցամաքային առևտուրը թույլատրելու վերաբերյալ․ տեղեկացնում է թուրքական T24 կայքը։
Նշվել է, որ կողմերը համաձայնության են եկել երկկողմ ցամաքային առևտուրը սկսելու շուրջ։ Այս քայլը կատարվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում ԱՄՆ-ի նախաձեռնած ավելի լայն տարածաշրջանային խաղաղության ջանքերի շրջանակում։
Թուրքիայի և Հայաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը փակ է 1993 թվականից։ Սակայն երկու մայրաքաղաքները 2022 թվականին սկսել էին կարգավորման բանակցություններ՝ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման նպատակով։
Կայքի տեղեկություններով՝ այս որոշումն ավելի վաղ է ընդունվել, իսկ մինչ այժմ տեխնիկական մանրամասներն են քննարկվել։
Մինչ այժմ երկու երկրների միջև ցամաքային առևտուրը իրականացվում էր Վրաստանում գործող միջնորդ ընկերությունների միջոցով՝ կիսավերաարտահանման ընթացակարգերով։ Թուրքիայից Հայաստան ուղարկվող ապրանքները Վրաստան մուտք գործելիս պաշտոնապես վերադասակարգվում էին որպես առանձին արտահանման ապրանք։
Նոր կարգավորման համաձայն՝ Վրաստանի տարածքով տարանցվող բեռներն այլևս չեն համարվի «վերաարտահանում»։ Տարանցման ընթացքում բեռները կպահպանեն իրենց նախնական արտահանման կարգավիճակը, ինչի շնորհիվ, առանց վրացական միջնորդ ընկերությունների ներգրավման և առանց փակ ցամաքային սահմանի վերաբացման, հնարավոր կդառնա ուղղակի երկկողմ առևտուր։ Ոլորտի աղբյուրներից մեկը նշել է, որ Վրաստանի տարածքով ցամաքային առևտուրը փաստացի արդեն հնարավոր է դարձել, սակայն ընկերություններից ժամանակ կպահանջվի գործող պայմանագրերն ու ընթացակարգերը նոր կանոններին հարմարեցնելու համար։


