
Սա բանակցություն չէր, այլ վերջնագիր․ Արթուր Խաչիկյանը՝ Իրանի դեմ համատեղ հարձակման և տարածաշրջանային ռիսկերի մասին
ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված համատեղ հարձակումը կարելի՞ է համարել տապալված բանակցությունների հետևանք։ Այս հարցի շուրջ ABC Media-ի հետ զրույցում միջազգային հարցերով փորձագետ Արթուր Խաչիկյանը հայտարարեց, որ տեղի ունեցածը «բանակցությունների խախտում չէ, որովհետև իրականում բանակցություն չի էլ եղել»։
«Սա բանակցություն չէր, սա ուլտիմատում էր։ Իրանից պահանջվում էր հրաժարվել միջուկային հարստացման ծրագրից և բալիստիկ հրթիռներից, այսինքն՝ փաստացի անզեն դառնալ։ Դա վերջնագիր էր, ոչ թե հավասար բանակցային գործընթաց»,-նշեց նա։
Խաչիկյանի խոսքով՝ նախորդ տարվա 12-օրյա պատերազմի ժամանակ ևս իրավիճակը զարգացավ նույն տրամաբանությամբ․ բանակցային փուլից անմիջապես առաջ սկսվեցին հարվածները։ Նրա գնահատմամբ՝ նման գործողությունները «դիվանագիտական խաբեություն» են։
Փորձագետի կարծիքով՝ հարձակման ռազմավարական նպատակը կարող է լինել Իրանի ներսում ռեժիմի փոփոխությունը և երկրի ապակայունացումը։
«Եթե գործընթացը ձգձգվի շաբաթներ կամ ամիսներ, հնարավոր են ներքին բախումներ, էթնիկ լարվածություն և անգամ՝ մասնատման փորձեր՝ Իրաքի սցենարի նման»,- ասաց նա։
Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ ռազմական լայնամասշտաբ էսկալացիան կարող է լուրջ հետևանքներ ունենալ նաև Հայաստանի համար։ Նա մատնանշեց մի քանի ռիսկային սցենար․ Իրանից փախստականների հոսք դեպի տարածաշրջան, նրանց հնարավոր տեղափոխում Ադրբեջան և այնտեղից՝ Հայաստանի ուղղությամբ, իրավիճակի օգտագործում «անվտանգության գոտիների» ստեղծման համար, մասնավորապես՝ Սյունիքում։
«Եթե պատերազմը երկար տևի, փախստականների հոսքը կարող է օգտագործվել քաղաքական նպատակներով։ Դա տեսական սցենար է, բայց նման ռիսկեր պետք է հաշվարկվեն»,- նշեց փորձագետը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունը պետք է հնարավորինս զգուշավոր լինի հայտարարություններում և քայլերում՝ խուսափելով հավելյալ ռիսկերից։ Խաչիկյանի խոսքով՝ Իրանի դեմ պատերազմը կարող է վերաձևել ամբողջ տարածաշրջանը՝ ստեղծելով ազդեցության նոր գոտիներ։ Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցությունը կարող է խորանալ, իսկ որոշ երկրներ փորձեն ամրապնդել իրենց դիրքերը։
Նա նաև չբացառեց, որ հակամարտությունը կարող է տարածվել՝ ներառելով այլ երկրներ՝ հաշվի առնելով տարածաշրջանում գործող տարբեր զինված և կրոնական խմբավորումները։
Անդրադառնալով Ռուսաստանի հնարավոր արձագանքին՝ Խաչիկյանը նշեց, որ Մոսկվան ներկայում զբաղված է Ուկրաինայի պատերազմով և չի կարող ուղղակիորեն ներգրավվել նոր լայնամասշտաբ ճակատում։
Նրա խոսքով՝ աջակցությունը կարող է սահմանափակվել ռազմական տեխնիկայով, խորհրդատվությամբ կամ դիվանագիտական աջակցությամբ։ Նման մոտեցում կարող է ցուցաբերել նաև Չինաստանը։ Փորձագետը զգուշացրեց, որ եթե հակամարտությունը խորանա և խաթարվեն տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքները, հնարավոր է՝ նավթի գների կտրուկ աճ, ինչը կհանգեցնի համաշխարհային տնտեսական ճգնաժամի ռիսկի աճին։
«Մենք կանգնած ենք ոչ միայն ռազմական, այլև լայն տնտեսական և աշխարհաքաղաքական վերադասավորումների վտանգի առաջ»,– եզրափակեց Արթուր Խաչիկյանը։


