
Իրանի դեմ պատերազմն ի՞նչ նպատակներ ունի, և ի՞նչ սպառնալիքներ է պարունակում ՀՀ-ի համար
Ցանկացած պատերազմի առաջին օդային հարվածն ունի մի կարևոր առավելություն. դրան չափազանց դժվար է պատրաստվել՝ նույնիսկ սպասելով պատերազմին:
Ինչպես հաճախ նշում են ռազմական փորձագետները, առաջին հարվածը սովորաբար իրականացվում է հակաօդային պաշտպանության դիրքերին՝ հետագա օդային գործողությունները հեշտացնելու համար, ինչպես նաև շտաբների և կապի կենտրոնների դեմ՝ հրամանատարական շղթան խաթարելու համար։
Օրինակ՝ BBC-ի ռազմական փորձագետի կարծիքով՝ Իսրայելը և Միացյալ Նահանգները վախենում են Իրանի պատասխան հարվածից: Իրանի հրթիռային ծրագիրը նրանց անհանգստացնում է գրեթե նույնքան, որքան միջուկայինը. իրանական հրթիռները սպառնում են իսրայելական քաղաքներին և ԱՄՆ ռազմական բազաներին: Իրանը նախապես պատրաստվել էր դրան և նույնիսկ սկսել էր հակահարված տալ Իսրայելին, բայց նրա հնարավորությունները, հավանաբար, նվազել էին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից առաջին հարվածի պատճառով։
Վերջապես, ըստ տեղեկությունների, հարվածները թիրախավորել են քաղաքական և ռազմական ղեկավարության գտնվելու ենթադրյալ վայրերը։ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սպանության փորձ է կատարվել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ։
Այսպիսով՝ ամերիկացիներն ու իսրայելցիները ձգտում են խաթարել երկրի կառավարումը, զրկել իրանցիներին նախաձեռնողականությունից և ստիպել նրանց սխալներ թույլ տալ։
Հատկանշական է, որ էսկալացիան տեղի է ունենում ներքին խոր ճգնաժամի պայմաններում։
2026 թ․ հունվարին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը դատապարտել է Իրանում ցույցերի ճնշումները, որոնք ուղեկցվել են հազարավոր զոհերով։
Փետրվարին քրդական ընդդիմադիր ուժերը ձևավորել են քաղաքական կոալիցիա՝ «հետռեժիմային» սցենարի նախապատրաստման նպատակով։ Այս ֆոնին՝ արտաքին հարվածը կարող է կա՛մ համախմբել ռեժիմը, կա՛մ, հակառակը, արագացնել ներսում ճեղքման գործընթացները։
Արդյունքում՝ ԱՄՆ-Իսրայել գործողություններն Իրանի դեմ պարզապես սահմանափակ ռազմական գործողություններ չեն։ Այն Իրանի միջուկային հարցի լուծման ռազմականացման փորձ լինելուց բացի՝ կարող է վերաձևել ամբողջ տարածաշրջանը, իսկ պատերազմը կարող է ընդլայնվել՝ ներառելով Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Պարսից ծոցը։ Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին, որն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ «լավ» կլինի, եթե Իսրայելն ընդլայնվի Մերձավոր Արևելքում, սոցիալական ցանցերում արդեն հայտարարություն է տարածել՝ շնորհակալություն հայտնելով Թրամփին՝ Իրանի դեմ հարձակում սկսելու համար։
Վերջիվերջո բախումնեըը կարող են հանգեցնել Իրանի ներքաղաքական ճգնաժամի սրմանը։ Առաջիկա օրերը որոշիչ կլինեն՝ էսկալացիան կմնա արդյոք օդահրթիռային մակարդակում՝ ռազմական ուժի ցուցադրությունից հետո վերադառնալով քաղաքական կոմպրոմիսի, թե կվերածվի լայնածավալ տարածաշրջանային պատերազմի։
Հայաստանի տեսանկյունից՝ այս հակամարտությունը կարող է կենսական նշանակություն ունենալ։ ՀՀ-ն ունի շուրջ 44 կմ սահման Իրանի հետ, որը զգալի կարևորություն ունի արտաքին առևտրի, էներգետիկ հաղորդակցության, շրջափակման պայմաններում՝ «պատուհան դեպի աշխարհ» գործառույթի տեսանկյունից։
Իրանի ապակայունացումը կարող է անմիջապես ազդել Հայաստանի տնտեսական և ռազմական կայունության վրա։ Այս առումով հատկապես կարևոր է Սյունիքի գործոնը, որ Հայաստանի հարավային անվտանգային առանցքն է։
Եթե Իրանը ներգրավվի լայնածավալ պատերազմի մեջ, Թեհրանը կարող է ժամանակավորապես թուլացնել իր ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ։ Սա կարող է ստեղծել լրացուցիչ ռիսկային միջավայր՝ Ադրբեջանի ակտիվացման տեսանկյունից, ինչպես եղավ Ռուսաստան-Ուկրաինա հատուկ ռազմական գործողության ժամանակ։
Իրանը մինչ այժմ բացահայտ հայտարարել է, որ տարածաշրջանային սահմանների փոփոխությունը «կարմիր գիծ» է։ Իրանի թուլացումը կարող է փոխել զսպման հավասարակշռությունը, ինչից կարող են անմիջապես օգտվել Ադրբեջանն ու Թուրքիան՝ իրենց նկրտումների կյանքի կոչման համար։ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» «վերադառնալու» ցանկության մասին, ինչը ոտնձգություն է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ադրբեջանը և Թուրքիան կարող են փորձել օգտագործել իրավիճակն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» օրակարգն ակտիվացնելու համար՝ մեծացնելով Հայաստանի նկատմամբ քաղաքական կամ ռազմական ճնշումը։ Այս պարագայում, Իրանը զբաղված լինելով հարավային ճակատում, կարող է թուլացնել իր հակազդեցությունը Հարավային Կովկասում։
Բացի այդ ՝ պատերազմի պարագայում առաջանում է ՀՀ-Իրան տրանսպորտային ուղիների փակման վտանգ և բեռնափոխադրումների կտրուկ թանկացում։ Սա կարող է սոցիալ-տնտեսական ճնշում ստեղծել ներսում։
Զուգահեռաբար՝ պատերազմի ակտիվացման և ընդլայնման դեպքում ՀՀ օդային տարածքը ևս կարող է բախվել անվտանգության խնդիրների՝ հայտնվելով հրթիռային հարվածների ռիսկային գոտում։ Հատկանշական է, որ Հայաստանը չունի խորքային հակաօդային պաշտպանական շերտավորում, որը նախատեսված է մեծ տարածաշրջանային պատերազմի համար։
Հարկավոր է ակնկալել նաև մեծ թվով փախստականների հոսք դեպի Հայաստան։
Այսպիսով՝ Հայաստանի համար Իրանի կայունությունը կենսական անվտանգության բաղադրիչ է։
Իրանի դեմ լայնածավալ պատերազմը կարող է ստեղծել՝
• անվտանգության վակուում
• տնտեսական ճգնաժամ
• տարածաշրջանային ուժային հավասարակշռության խախտում։


