
Լիբանանում բնակիչները լքում են տները. ABC Media-ին մանրամասներ են հայտնի
ԱՄՆ-Իրան-Իսրայել լարվածության ֆոնին իրավիճակը սրվել է նաև Լիբանանում։ Լիբանանահայ Ծովակ Թազյանի փոխանցմամբ՝ մինչև կիրակի երկիրը համեմատաբար հանդարտ էր, սակայն կիրակի կեսգիշերից հետո հարավային շրջաններում և Բեյրութի հարավային արվարձաններում սկսվել են ինտենսիվ հրթիռակոծություններ։
ABC Media-ի հետ զրույցում Թազյանն ասաց, որ Լիբանանի իշխանությունները նախապես կոչ էին արել, մասնավորապես, «Հեզբոլլահի» ներկայացուցիչներին զսպվածություն ցուցաբերել և չհրահրել իրավիճակը՝ հաշվի առնելով երկրի արդեն իսկ բարդ ներքաղաքական, տնտեսական և անվտանգային ճգնաժամերը։ Սակայն իրավիճակը հսկողության տակ պահելու փորձերը հաջողություն չեն ունեցել։
«Կիրակի կեսգիշերից հետո Իսրայելի կողմից հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում տարբեր գյուղերի և շրջանների ուղղությամբ։ Տեղի բնակիչները սկսել են լքել իրենց տները և տեղափոխվել ավելի ապահով հատվածներ՝ հիմնականում դեպի Բեյրութ։ Ճանապարհներին գոյացել են երկար խցանումներ, մարդիկ ժամերով մնացել են մեքենաների մեջ»,- մեզ հետ զրույցում ասաց լիբանանահայը։
Ծովակի փոխանցմամբ՝ տեղահանվածների թիվը մեծ է։ Կառավարությունը փորձում է նրանց ժամանակավոր տեղավորել պետական դպրոցներում և այլ կառույցներում, սակայն հրթիռակոծությունները շարունակվում են։ Իսրայելական կողմը կոչ է արել բնակիչներին չվերադառնալ հարավային շրջաններ՝ դրանք համարելով վտանգավոր։ Ըստ նրա՝ խոսվում է նաև ցամաքային ներխուժման հնարավորության մասին։
«Ինչ վերաբերում է հայկական համայնքին, ապա, բարեբախտաբար, այս պահին հայաբնակ շրջանները չեն գտնվում հիմնական հարվածների թիրախում։ Հայերը բնակվում են Բեյրութի կենտրոնական հատվածներում, ինչպես նաև երկրի հյուսիսում։ Այս տարածքներն առայժմ համեմատաբար անվտանգ են, թեև ընդհանուր իրավիճակը շարունակում է մնալ անկայուն»,- ասաց Ծովակ Թազյանը։
Նրա խոսքով՝ զոհերի և վիրավորների թվում հայեր չկան։


