
Հայաստանը մտադիր է զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների տեխնոլոգիաները․ Փաշինյանի ելույթը՝ կետերով
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին։
Նրա ելույթի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Հայաստանը մասնակցում է քաղաքացիական միջուկային էներգիայի զարգացմանը նվիրված Փարիզի գագաթաժողովին և բարձր է գնահատում դրա կազմակերպումը Ֆրանսիայի կողմից։
- Միջուկային էներգիան դիտարկվում է որպես հուսալի և ցածր ածխածնային էներգիայի աղբյուր, որը կարող է լրացնել վերականգնվող էներգիան։
- Հայաստանն աջակցել է COP28-ում ընդունված հայտարարությանը՝ մինչև 2050 թվականն աշխարհում միջուկային էներգիայի արտադրությունը եռապատկելու մասին։
- Հայաստանի կառավարությունը միջուկային էներգիան համարում է երկրի էներգետիկ անվտանգության կարևոր բաղադրիչ։
- Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) շահագործման կյանքի մինչև 2036 թվականը երկարաձգման ծրագիր։
- Այս քայլը հիմք կստեղծի նոր միջուկային էներգաբլոկի կառուցման համար։
- Հայաստանը մտադիր է զարգացնել փոքր մոդուլային ռեակտորների (SMR) տեխնոլոգիաները։
- Ներկայում ուսումնասիրվում են տարբեր տեխնոլոգիաներ և միջազգային գործընկերների առաջարկներ։
- Միջուկային ոլորտի զարգացման համար կարևոր է մասնագետների պատրաստումը և միջազգային համագործակցությունը։
- Հայաստանի ատոմակայանի շահագործման պատմության ընթացքում միջուկային կամ ճառագայթային անվտանգության հետ կապված միջադեպեր չեն գրանցվել։


