
Ադրբեջանական նոր ամրացումներ Գեղարքունիքի մարզում
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը Պաշտպանության նախարարությանը փոխանցել է փաստաթղթեր՝ Ադրբեջանի նոր ներխուժումների, դիրքային բարելավումների ու ամրացումների վերաբերյալ։
Մարտի 4-ին նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը հրատապ ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իրենց հավաքած տվյալները։
Ասուլիսի ընթացքում Թաթոյանը ցուցադրել է ադրբեջանական նոր դիրքերի լուսանկարներ՝ նշելով, որ մինչև 2025 թվականի հուլիսի 31-ը այդ դիրքերը գոյություն չեն ունեցել։ Նրա խոսքով՝ արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ դիրքերի կառուցումը տեղի է ունեցել մինչև օգոստոսի 19-ը։ Թաթոյանը նաև նշել է, որ տեղանքում կան խոշոր զինատեսակների համար նախատեսված կրակային դիրքեր և համապատասխան կոմունիկացիաներ։
Թեմային Ազգային ժողովում անդրադարձել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ ներկայացված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում։


