
Իսրայելում Իսպանիայի դեսպանն ազատվել է իր պարտականություններից
Իսպանիայի կառավարությունը պաշտոնապես իր պարտականություններից ազատել է Իսրայելում երկրի դեսպան Անա Սալոմոնին․ գրում է Euronews-ը։
Որոշումը հաստատվել է Նախարարների խորհրդի վերջին նիստում։
Այս քայլով Իսպանիան իր դեսպանատունը Թել Ավիվում կթողնի առանց դեսպանի և կպահպանի դիվանագիտական ներկայացուցչությունը գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Որոշումը մեկնաբանվել է որպես փոխադարձության ժեստ, այն բանից հետո, երբ Իսրայելը նախկինում նմանատիպ քայլ էր արել Մադրիդում գտնվող իր դիվանագիտական առաքելության հետ։
Սալոմոնը հետ էր կանչվել Թել Ավիվից սեպտեմբերին, այն բանից հետո, երբ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել էր Գազայում ցեղասպանությունը կանխելու անհրաժեշտության մասին։
Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հետագայում Սանչեսին մեղադրել է հակասեմականության համար և արգելել իսպանացի երկու նախարարների մուտքն Իսրայել՝ սրելով երկու երկրների միջև արդեն իսկ լարված հարաբերությունները։


