19 Մար
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ․ ԱՄՆ Ազգային հետախուզության զեկույց

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը։ Դա կպահանջի, որ Հայաստանն անցկացնի սահմանադրական հանրաքվե, որի ընդունումը երաշխավորված չէ։ Այս մասին նշվել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի կողմից կազմած «2026 թվականի սպառնալիքների տարեկան գնահատականը» զեկույցում։

Ինչպես նշվել է, օգոստոսի 8-ին ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Հայաստանի և Ադրբեջանի միջև կայացած Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկու երկրների համար երկարատև խաղաղության համաձայնագիր կնքելու և նպաստել է տարածաշրջանային կայունության ամրապնդմանը: Խաղաղության գագաթնաժողովի արդյունքները ներառում էին ժամանակավոր համաձայնագիր խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ և ԱՄՆ-ի կողմից կառավարվող «Թրամփի երթուղու» (TRIPP) ստեղծման ծրագրեր, որը կկապի Ադրբեջանն իր Նախիջևանի էքսկլավի հետ՝ հարավային Հայաստանի միջով՝ բացելով առևտրային հոսքերը երկու երկրների և տարածաշրջանի համար:

Ըստ զեկույցի՝ այս զարգացումները ներկայացնում են հայ-ադրբեջանական հարաբերությունների ուղղության զգալի փոփոխություն: 2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերահսկողություն է հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։

Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, կարծես, պատրաստակամ են պահպանել Խաղաղության գագաթնաժողովից ի վեր ստեղծված թափը: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հրադադարի խախտումները կտրուկ նվազել են և այժմ գրեթե բացակայում են: 2025 թվականի հոկտեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը վերացրել է Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումները։ Այդ ժամանակվանից ի վեր՝ Ադրբեջանը բենզին է մատակարարել և թույլատրել է ցորենի փոխադրում դեպի Հայաստան։

Զեկույցում ընդծվում է, որ հետխորհրդային տարածքում, մասնավորապես Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում, տարածաշրջանային զարգացումները ստեղծում են ինչպես մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ ԱՄՆ-ի համար։ Տարածաշրջանը պարունակում է հիմնական ռեսուրսների զգալի պաշարներ, այդ թվում՝ կարևորագույն հանքանյութեր, նավթ և գազ։ Հնարավորություններ կան նաև ԱՄՆ-ի ներդրումների համար Եվրասիական ցամաքը համաշխարհային շուկաների և առևտրային հնարավորությունների հետ կապող դիվերսիֆիկացված տարանցիկ միջանցքներում։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի քաղաքական և տնտեսական ազդեցությունն այս երկրներից շատերում խոչընդոտ է ԱՄՆ մասնավոր հատվածի ներգրավվածության համար։ Չինաստանի տնտեսական և քաղաքական ազդեցության աճը՝ հաճախ Ռուսաստանի հաշվին, նմանատիպ դժվարություններ է առաջացնում՝ միաժամանակ սպառնալով կարևորագույն ռեսուրսները ուղղել դեպի չինական շուկա։ Տարածաշրջանը նաև մնում է թմրանյութերի ապօրինի շրջանառության և ջիհադիստական ահաբեկչական գործունեության կենտրոն, որը շարունակում է սպառնալիք ներկայացնել ԱՄՆ-ի և դաշնակիցների ու գործընկերների համար։ ԱՄՆ-ի շարունակական ներգրավվածությունը տարածաշրջանային հակամարտությունների, օրինակ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև, լուծման գործում,  կարող է նպաստել  ինչպես ԱՄՆ-ի մուտքին տարածաշրջան, այնպես էլ՝  ռազմավարական ներդրումներին ու առևտրային հնարավորություններին։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ