
Թրամփը Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպմանն Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածները համեմատել է Փերլ Հարբորի օպերացիայի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զուգահեռ է անցկացրել Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածների և 1941 թվականին Փերլ Հարբորի դեմ Ճապոնիայի իրականացրած հարձակման միջև․ գրում է Reuters գործակալությունը։
Թրամփը համեմատությունն արել է հինգշաբթի Վաշինգտոնում Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչիի հետ հանդիպման ժամանակ՝ պաշտպանելով Թեհրանի դեմ իր սկսած պատերազմը։
«Մենք անակնկալ էինք ուզում։ Ճապոնիայից լավ ո՞վ գիտի անակնկալների մասին։ Դուք հավատում եք անակնկալներին, կարծում եմ՝ մեզնից շատ ավելի շատ եք հավատում», – ասել է Թրամփը։
Նշվում է, որ Ճապոնիայի վարչապետն այնքան է զարմացել Թրամփի խոսքերից, որ նրա աչքերը լայնացել են. Թրամփը հիշատակել է այն պահը, երբ ԱՄՆ-ն ներքաշվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։
1941 թվականի դեկտեմբերի 7-ին Հավայան կղզիների Փերլ Հարբոր նավահանգստում գտնվող ԱՄՆ ռազմածովային բազայի դեմ ճապոնացիների հարձակման հետևանքով զոհվեց 2390 ամերիկացի։ Հաջորդ օրն ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային, իսկ նախագահ Ռուզվելտը Ճապոնիայի հարձակման օրն անվանեց «ամսաթիվ, որը հավերժ կհիշվի որպես խայտառակություն»։ ԱՄՆ-ն ջախջախեց Ճապոնիային 1945 թվականի օգոստոսին՝ Հիրոսիմայի և Նագասակիի վրա ատոմային ռումբ նետելով․ ռմբակոծության հետևանքով զոհվեցին հարյուր հազարավոր խաղաղ բնակիչներ։


