
Այն, ինչ պահանջում է ԱՄՆ-ն, Իրանը դիտարկում է որպես կապիտուլյացիա. Պողոսյան
Ամերիկայի և Իրանի հարաբերությունները լարվածության նոր փուլում են: Քաղաքագետ Արա Պողոսյանը նկատում է, որ այս պահին միջազգային քաղաքականությունը պահանջում է գոնե մեկ տարվա կտրվածքով դիտարկել կիրառվող խոսույթներն ու դրանց հետևանքները:
«Եթե դիտարկենք, թե ինչ խոսույթ է կիրառվել Միացյալ Նահանգների, Իսրայելի և Իրանի կողմից նախորդ տարի, օրինակ՝ 12-օրյա ռազմական գործողություններից առաջ և հետո, ապա կտեսնենք, որ տեղեկատվական շղթան շատ բարդ է. շատ հավանական է, որ մենք գործ ունենք մեծ բլեֆի հետ, ընդ որում՝ կան որոշակի կոնտակտներ և միջնորդավորված խոսակցություններ»,- նշել է Պողոսյանը:
Ամերիկյան կողմը, Պողոսյանի խոսքով, փորձում է առավելագույն զիջումներ ստանալ Իրանից։ «ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը հրաժարվի իր հարստացրած ուրանից. Թրամփի հայտարարությունների համաձայն՝ իբրև թե Իրանը պատրաստ է այն հանձնել», – նկատել է Պողոսյանը:
Մյուս կողմից, Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ միջուկային ծրագրից և պահանջում է փոխհատուցում հարձակվող կղմերից, ինչպես նաև երաշխիք՝ ապագայում չհարձակման մասին։
«Այս հարցը քննարկվում է ռազմական, քաղաքական և դիվանագիտական բոլոր մակարդակներում», – նշել է քաղաքագետըԼ
Պողոսյանը մատնանշում է շահերի հակասությունը. «Իսրայելի համար առաջնային խնդիրն է Իրանի վերջնական թուլացումը կամ տրոհումը, իսկ ԱՄՆ- ի նպատակն է Իրանը վերադարձնել նախահեղափոխական կարգավիճակին՝ 1979 թվականից առաջ, որպես տարածաշրջանի մերձամերիկյան դաշնակից. սա նրանց գլոբալ ազդեցության և գերիշխանության համար կարևոր պայմաններից մեկն է»:
Քաղաքագետը նաև մեկնաբանել է Հորմուզի նեղուցի մասին Թրամփի հայտարարությունը, թե նեղուցը ցանկանում է տեսնել ԱՄՆ-ի և Իրանի համատեղ վերահսկողության տակ:
«Իմ գնահատմամբ՝ սա, պետք է դիտարկել որպես ռազմավարական ճնշման մի քայլ՝ հնարավոր զիջումներ պարտադրելու համար: Սա ժամանակավոր հրադադար է և ոչ ավելին. Իրանի կողմից զիջումների գնալը քիչ հավանական է, որովհետև այն, ինչ պահանջում է ԱՄՆ-ն, Իրանը դիտարկում է որպես կապիտուլյացիա»,- եզրափակել է նա:


