
Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում․ Փաշինյանի ելույթն ԱԺ-ում՝ կետերով
Դժվար է հավատալ, որ մի ժողովուրդ ավելի քան 1000-ամյա դեգերումից հետո հասել է մի հանգրվանի, որին ձգտել է, և այդ հանգրվանից 5 րոպե առաջ կատարում է կտրուկ շրջադարձ՝ զարգացման օրակարգից վերադառնալով գոյատևման և գոյապահպանության օրակարգին․ այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Ներկայացնում ենք Փաշինյանի հայտարարությունները՝ կետերով․
- Մենք պարզապես պետք է պատմական պահը ճիշտ գնահատենք՝ և՛ ՔՊ-ն, և՛ քաղաքացիները, և պատմությունը ֆատալիստական տրամաբանությունը ճեղքելու միջոցով ի վերջո հասցնենք խաղաղ հանգրվանի։
- Մեր ընդդիմությունն ասում է՝ խաղաղությունը պետք է վերաբանակցել, ինքը էն չի, իսկ դա բացում է էսկալացիայի ճանապարհը։
- Այնտեղ, որտեղ պատերազմի հնարավորություն կա, այնտեղ, որտեղ պատերազմի դուռը բաց է, պատերազմը մտնում է, մենք չենք տեսնո՞ւմ՝ ինչ է կատարվում աշխարհում։ Որտեղ փոքր ճեղք եղավ, պատերազմն այդ ճեղքով մտնելու է։ Ընդդիմադիր ուժերը ոչ թե ճեղքի մասին են խոսում, այլ դռների փեղկերը լայնորեն բացում են։
- Վերջին երևի մեկ ամսում 3-4-5 դեպք եմ հիշում, երբ մարդիկ հրաժարվել են վերցնել ՀՀ դրոշով կրծքազարդը։
- Ղարաբաղյան շարժման ներքո մենք մեր երկիրը դրել ենք օտար աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին։ Մենք դա հասկացել ենք շատ ուշ։ Կան քաղաքական ուժեր, որոնք չեն հասկացել, չեն էլ հասկանալու։
- Սա Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքն է․ թափահարելով ՀՀ «քարտեզի» մակետը՝ ասաց Փաշինյանը։
- Այս ընտրությանը ժողովուրդը պետք է ասի հետևյալը՝ Ղարաբաղյան շարժումը շարունակվո՞ւմ է, թե՞ չի շարունակվում։ ՔՊ-ն միակ կուսակցությունն է, որ որոշել է, որը չի շարունակում շարժումը։ Մյուս ուժերն ասում են, որ շարունակելու են։ Եթե շարունակում են, ուրեմն դա նշանակում է պատերազմ։
- Մենք չենք հասկանում, որ մեզ հետ տեղի ունեցած պատմական բոլոր դժբախտությունների պատճառն այն է, որ մենք թույլ ենք տվել, որ մեզ անընդհատ օգտագործեն ուրիշների դեմ։
- Փախած էլիտաները ԼՂ-ի ժողովրդին պատանդի կարգավիճակում են պահել, որոնց հավաքական անունն ասում եմ՝ «փախածներ»։
- Երաշխավորն այն է, երբ պարանը գցում են հորթի վիզը, հետո երբ ժամանակը գալիս է, ասում են՝ գնա, քո մորթվելու ժամանակն է։


