
Ես ավարտելո՞ւ եմ դպրոցը․ առողջական լուրջ խնդիրներով աշակերտին կալանավորեցին
Դատավորը հաշվի չառավ, որ Դավիթ Մինասյանը դպրոցական է, հաշվի չառավ, որ առողջական լուրջ խնդիրներ ունի և հաշվի չառավ, որ պատանին եկեղեցի էր գնացել՝ Ծաղկազարդի կիրակիին պատարագի մասնակցելու, ոչ ավելին։
Դատավոր Մարտիրոս Մնացականյանի գլխավորությամբ Դավիթին երկու ամսով կալանավորեցին․ նա Արմավիր ՔԿՀ տեղափոխվեց, բայց ներս չմտած՝ ուշագնաց եղավ։ Տղային հիվանդանոց տեղափոխեցին, ապա ժամեր անց՝ հետ՝ ՔԿՀ տարան։
Դավիթն առողջական շատ լուրջ խնդիրներ ունի․ նա չի կարող առանց մայրական խնամքի և իր համար նախատեսված ուտելիքի, հիգիենիկ պայմանների ապրել բանտում․ նշում են փաստաբանները։


