
Ընդամենը 1 ատրճանակ և ավելի քան 1 օր թշնամու տարածքում․ Ի՞նչ եղավ Իրանի խոցած ամերիկյան կործանիչի օդաչուի ճակատագիրը
Ինչպե՞ս ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպան հայտնվեց թշնամու՝ Իրանի տարածքում․ F-15E Strike Eagle կործանիչն անցած ուրբաթ՝ ապրիլի 3-ին, մասնակցում էր Իրանի տարածքի ռմբակոծություններին, երբ հայտնվեց իրանական ուժերի կրակի տակ։ Անձնակազմի 2 անդամները՝ օդաչուն և օպերատորը, բարեհաջող ինքնանետվեցին, մինչ ինքնաթիռի կործանումը։
Ըստ The New York Times-ի՝ օդաչուներին հաջողվեց պարաշյուտով իջնել Իրանի հարավ-արևմուտքում գտնվող հեռավոր լեռնային շրջան, որտեղ կա իսլամական հանրապետության նկատմամբ ուժեղ դիմադրություն, և, հետևաբար, կարող էին հույսը դնել տեղի բնակիչների օգնության վրա (չնայած ամերիկյան լրատվամիջոցները չեն բացահայտում, թե արդյոք նրանք ստացել են նման օգնություն)։ Վայրէջքից հետո երկու օդաչուները կապ են հաստատել միմյանց հետ կապի փակ անվտանգ համակարգի միջոցով և ակտիվացրել իրենց վթարային ազդանշանները՝ իրենց աշխարհագրական կոորդինատները փոխանցելու համար։
Այս միջադեպը ցավալի հարված էր ԱՄՆ ռազմաօդային ուժերի հեղինակությանը. աշխարհի տարբեր անկյուններում ավելի քան 20 տարվա մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ թշնամին խոցեց ամերիկյան F-15, թեև իրանական կողմը հայտնում էր, որ խոցել է F-35։ Սակայն Վաշինգտոնին ավելի մեծ վնաս կհասցներ օդաչուների գերեվարումը: Հետևաբար, ամերիկյան ռազմաքաղաքական ղեկավարությունը սկսեց լայնածավալ փրկարարական գործողություն: Օդաչուն արագորեն գտնվեց և տարհանվեց ինքնանետվելուց մի քանի ժամ անց: Ինչպես հաղորդում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, այս գործողության ընթացքում Իրանը հարձակվեց ամերիկյան Blackhawk ուղղաթիռի վրա: Անձնակազմի անդամները վիրավորվեցին: Սակայն ուղղաթիռը կարողացավ շարունակել թռիչքը և անվտանգ հասնել իրանցի զինվորականների կողմից չվերահսկվող տարածք:
Իսկ ահա ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկրորդ սպայի որոնումները և տարհանումը տևեց ավելի քան մեկ օր:
Ըստ լրատվամիջոցների՝ սպան ԱՄՆ ռազմաօդային ուժերի գնդապետ է, վիրավորվել է ինքնանետման և վայրէջքի ժամանակ և թաքնվել լեռան ճեղքում, մինչև օգնության ժամանումը՝ այնտեղից հաղորդելով իր գտնվելու վայրը: Զենքից նրա մոտ եղել է միայն ատրճանակ։
Փրկարարական գործողությունը բացառիկ էր իր մասշտաբով և արագությամբ, այդ են վկայում ամերիկյան և արտասահմանյան լրատվամիջոցների աղբյուրները: Գործողությանը մասնակցել են հարյուրավոր զինվորականներ, տասնյակ մարտական ինքնաթիռներ և ուղղաթիռներ, ինչպես նաև կիբեռանվտանգության, տիեզերական և այլ հետախուզական միջոցներ: Իրանում F-15-ի օդաչուի որոնման համար Թրամփը նույնիսկ կասեցրել է Պենտագոնի այլ գործունեությունն Իրանում:
Հենց նույն օրն Իրանը խոցեց նաև որոնողական գործողությանը մասնակցող A-10 Warthog գրոհային ինքնաթիռը։ Սակայն հաջողվեց խուսափել մեկ այլ զինվորականի գերի ընկնելու վտանգից. Warthog-ի օդաչուն ինքնանետվեց Պարսից ծոցի օդային տարածքում և հաջողությամբ փրկվեց, հաղորդում է CBS News-ը։
Քանի որ Իրանի զինվորականները փորձում էին առաջ անցնել ամերիկացիներից և գերի վերցնել օդաչուին, ԱՄՆ ռազմաօդային ուժերի գրոհային ինքնաթիռները ստիպված էին մի քանի ռումբ նետել որոնման գոտում և ուղիղ կրակ բացել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից նշանակված ուժերի վրա:
Ի վերջո, ԱՄՆ հատուկ նշանակության ուժերի խմբին հաջողվեց առաջինը հասնել գործընկերոջը: Սակայն վերջին փուլերում անսպասելի խնդիրներ ի հայտ եկան․ երկու տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք պետք է փրկարարներին և փրկված օդաչուին անվտանգ վայր հասցնեին, վնասվել են Իրանի հեռավոր բազայում: Այդ ժամանակ գործողության հրամանատարները որոշել են արագորեն ուղարկել 3 նոր ինքնաթիռ տարհանման համար: Իսկ 2 վնասված ինքնաթիռները պայթեցվել են, որպեսզի դրանք չընկնեն իրանցիների ձեռքը։
Արդյունքում փրկարարական ինքնաթիռներն Իրանից մեկնել են Քուվեյթ՝ յուրաքանչյուրը մի փոքր հետ մնալով մյուսից: Առաքելությունն ավարտվել է ապրիլի 4-ի կեսգիշերից կարճ ժամանակ առաջ, և բոլոր ամերիկյան ուժերը լքել են Իրանի օդային տարածքը: Փրկված սպան այժմ անվտանգ վայրում է:
Օդաչուի փրկության գործում անմիջականորեն ներգրավված է եղել նաև Կենտրոնական հետախուզական վարչությունը, ինչպես նաև, ինչպես Iran International-ն է հաղորդում, Իսրայելը՝ իր երկու հատուկ նշանակության ստորաբաժանումներն օգտագործելով՝ «Շալդագ»-ը (Իսրայելի ռազմաօդային ուժերի հատուկ նշանակության ուժեր) և «Սայերեթ Մատկալ»-ը (Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի հատուկ նշանակության ուժեր):


