07 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
13° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ քաղաքացիները ո՞ր քաղաքական գործչին են համարում հանրությանը միավորող առաջնորդ. Gallup-ը թվեր է հրապարակել 

ՀՀ քաղաքացիները ո՞ր քաղաքական գործչին են համարում հանրությանը միավորող առաջնորդ. Gallup-ը թվեր է հրապարակել 

Gallup International in Armenia-ն հրապարակել է Հայաստանի ներքաղաքական տրամադրություններն արտացոլող նոր հարցման արդյունքները։ Ստորև ներկայացնում ենք հիմնական տվյալները։

Վստահություն ինստիտուտների և քաղաքական գործիչների նկատմամբ

Ավանդաբար առաջատար են մնում Հայ առաքելական եկեղեցին և Հայաստանի Հանրապետության բանակը։ Եկեղեցուն լիովին հավանություն է տալիս հարցվածների 64.1%-ը, ավելի շուտ հավանություն՝ 12.3%-ը։ Բանակի գործունեությանը լիովին հավանություն է տալիս 59.7%-ը, ավելի շուտ հավանություն՝ 17.2%-ը։

Քաղաքական գործիչների շարքում ամենաբարձր ցուցանիշն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նրան լիովին հավանում է հարցվածների 34.2%-ը, իսկ 26.4%-ը ավելի շուտ հավանում է նրան:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին լիովին հավանություն է տալիս 27.3%-ը, ավելի շուտ հավանություն՝ 16.6%-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 27.1% լիովին հավանություն և 15.4%՝ ավելի շուտ հավանություն։

Ռոբերտ Քոչարյանին լիովին հավանություն է տալիս 13.1%-ը, ավելի շուտ հավանություն՝ 11.4%-ը։

«ԴՕԿ» կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանը ստացել է 11.2% լիովին հավանություն։ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանը հավասար ցուցանիշ ունեն՝ 9.7%։ Ամենացածր ցուցանիշը ստացել է Սերժ Սարգսյանը՝ 7.1% լիովին հավանություն, 9.9%՝ ավելի շուտ հավանություն։

Կարծիքի ազատ արտահայտում

Հարցվածների 18.9%-ն ասել է, որ մարդիկ միանշանակ վախենում են իրենց կարծիքն ազատ արտահայտել, 13.8%-ը՝ ավելի շուտ վախենում են։ Միևնույն ժամանակ 46.6%-ը նշել է, որ միանշանակ չեն վախենում, 17.8%-ը՝ ավելի շուտ չեն վախենում։

Քաղբանտարկյալների հարց

Հարցվածների 55%-ը կարծում է, որ Հայաստանում այսօր կան քաղբանտարկյալներ, 22%-ը՝ ոչ, 23%-ն էլ դժվարացել է պատասխանել։ Նրանց, ովքեր պատասխանել են «այո», խնդրել են նշել կոնկրետ անուններ. 31%-ը նշել է Սամվել Կարապետյանին, 20.3%-ը՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին, 11%-ը՝ արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանին։

Հասարակական տրամադրություն

Հասարակական տրամադրությունների վերաբերյալ 33.9%-ը նշել է լարվածություն և ագրեսիա, 23.6%-ը՝ անհանգստություն, 22.2%-ը՝ անտարբերություն և ապատիա, 8.8%-ը՝ վախ ու տխրություն։ Լավ ու կայուն վիճակ է գնահատել 21.5%-ը, շատ լավ տրամադրություն նշել է 8.8%-ը։

Քաղաքական ընդհանուր իրավիճակը 30.7%-ը գնահատել է ավելի շուտ լարված, 30.2%-ը՝ շատ լարված։ Այսինքն՝ հարցվածների մոտ 60%-ը Հայաստանի քաղաքական իրավիճակը բնորոշում է լարված։

Ո՞վ կարող է առաջնորդել հաշտեցմանը

Հասարակության համախմբմանն ու միասնությանը կարող է նպաստել Գագիկ Ծառուկյանը՝ ըստ 26.8%-ի, Նիկոլ Փաշինյանը՝ ըստ 25.2%-ի, Սամվել Կարապետյանը՝ 18.1%-ի, Ռոբերտ Քոչարյանը՝ 7.1%-ի, Սերժ Սարգսյանը՝ 4.3%-ի, Արման Թաթոյանը՝ 4.2%-ի, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 2.1%-ի։

2026-ի ընտրություններ

Հարցվածների 51.9%-ն ասել է, որ միանշանակ կմասնակցի 2026 թ. խորհրդարանական ընտրություններին, 8.6%-ը՝ ավելի շուտ այո։ Դեռ դժվարանում է պատասխանել 24.8%-ը։

Եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի, ապա՝

  • «Քաղաքացիական պայմանագիր»՝ 24.3%
  • «Ուժեղ Հայաստան»՝ 13.4%
  • «Բարգավաճ Հայաստան»՝ 7.9%
  • «Հայաստան» դաշինք՝ 5.5%
  • «ԴՕԿ»՝ 3.1%
  • ՀՀԿ՝ 1.9%
  • «Լուսավոր Հայաստան»՝ 1.7%
  • «Միասնության թևեր»՝ 1.5%
  • «Հանրապետություն» և ՀԱԿ՝ 1.1%-ական

Քվեաթերթիկը փչացնելու մտադրություն է հայտնել 2.7%-ը, չի պատասխանել 11.4%-ը, ընդհանրապես չի մտադրվում քվեարկել 8.1%-ը։

Լուսանկարը՝ Ազատության

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026