08 Ապր
2026
16° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեկին աղջիկ ես տալիս, հարցուփորձ ես անում, հիմա իշխանություններին չասե՞նք՝ ի՞նչ ես արել այս տարիներին. Արթուր Խաչատրյան

Մեկին աղջիկ ես տալիս, հարցուփորձ ես անում, հիմա իշխանություններին չասե՞նք՝ ի՞նչ ես արել այս տարիներին. Արթուր Խաչատրյան

Նախընտրական շրջանում տարբեր քաղաքական ուժեր զոռ են տալու երևակայությանը, խոստումների արկղ են բացելու՝ սա կանենք, նա կանենք, սա կհասցնենք, լավ կլինի, բայց երբ մարդ հիմնարկություն մեկին աշխատանքի է ընդունում, հարցնում է՝ իսկ ի՞նչ ես արել, ի՞նչ հաջողություն ես արձանագրել, հասարակ բան՝ մեկին աղջիկ ես տալիս, չես ասում, չէ՞՝ տղա ջան, ի՞նչ ես անելու, ասում ես՝ ի՞նչ ես արել։ Հիմա երկիրն ինչ-որ իշխանության ենք տալիս, որպեսզի կառավարի, բա մի հատ չհարցնե՞նք՝ ով ինչ է արել, ինչ հաջողություն է արձանագրել, որ հիմա մեծ խոստումներ է տալիս․ այսօր «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական բաժինը ներկայացնելիս ասաց դաշինքի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը։

Նա նախ ներկայացրեց, թե ինչ իրավիճակ է եղել Հայաստանի Հանրապետությունում հեռավոր 1998-ին, երբ ձևավորվեց իրենց իշխանությունը։

«Հիշո՞ւմ եք, հետպատերազմյան տնտեսություն՝ հիմնականում քայքայված, արդյունաբերական ձեռնարկություններ չկային, սեղանիկները կհիշեք, թուրքական էժան շոկոլադ, իրանական վաֆլի, արտադրական ձեռնարկություններ չկային, ներդրողներ չկային․․․Մի քանի տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական, արդյունաբերական և ենթակառուցվածքային փոփոխությունների արդյունքում արագորեն սկսեց աճել, այնքան արագ, որ Համաշխարհային բանկը Հայաստանը կոչեց «Կովկասի վագր»»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ 2001-2008 թվականներին ՀՀ տնտեսական աճը միջինում 12%-ին մոտ էր, բացվեցին խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, օրինակ՝ «Կանազ»-ը վերագործարկվեց, կառուցվեցին ճանապարհներ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին Հայաստանի համար։

«Միայն Մեղրիից կառուցված երկրորդ ճանապարհը՝ Շվանիձորով անցնող։ Հիմա ասում են՝ Մեղրին ուզում էին տալ, բա որ ուզում էին տային, էդ ճանապարհն ինչի՞ կառուցվեց։ Սելիմի լեռնանցքը, և դա բերեց նրան, որ մենք ունեցանք մեծ ներդրումներ, երկրի աճ և երկար արտագաղթից հետո առաջին անգամ դրական միգրացիա»,-ասաց նա։

«Մի անգամ մենք տնտեսությունը հանել ենք ճգնաժամից։ Այսօր էլի տնտեսությունը ճգնաժամի մեջ է։ Ի՞նչ է Հայաստանն արտահանում։ Ո՞րն է Հայաստանի ամենատնտեսական ճյուղը։ Ո՞ւր է մեր արդյունաբերական պոտենցիալը, ո՞ւր է այս իշխանությունների գովերգած բարձրտեխնոլոգիական արդյունաբերությունը, իսկ այն տնտեսական աճը, որ ցույց են տալիս, պարտքի հետևանք է։ Պարտքը կրկնապատկել են այս 8 տարվա ընթացքում, հասցրել են 15 միլիարդի, ինչի՞ վրա է ծախսվել։ Այդ պարտքի բեռը մենք ենք տանում, մեր սերունդները, երեխաները, որոնք նոր են ծնվել, միջինում ամեն մեկիս վրա 5000 դոլարի պարտք կա»,– ասաց Արթուր Խաչատրյանը։

Ըստ նրա՝ արդեն հունիսի 8-ից դաշինքի քաղաքականությունը միտված է լինելու արդյունաբերության վերածննդին, բարձրտեխնոլոգիական տնտեսության ստեղծմանը․ «Մենք ունենալու ենք մրցունակ Հայաստան՝ հիմնված մեր մրցակցային առավելությունների վրա, մեր բնակչության ունակությունների և կարողությունների վրա։ Ստեղծելու ենք «Արտադրված է Հայաստանում» քաղաքականությունը, ամեն բան, որ արտադրվելու է Հայաստանում, պետք է ասոցացվի բարձր որակի և տեխնոլոգիական առաջընթացի հետ։ Արդյունաբերությունը կազմելու է համախառն ներքին արդյունքի 25%-ը, համարյա կրկնապատկվելու է։ Ինչպես դա կարող ենք անել, առաջին հերթին, իհարկե, հարկային արտոնությունների միջոցով, դրանից բացի՝ թիրախային աջակցության ծրագրերով»։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026