
Խոստանում եմ՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ կետերով
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն ուղերձ է հղել, որը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ես գտնվում եմ կալանքի տակ՝ եկեղեցին և մեր ինքնությունը պաշտպանելու համար, ես բարձրացրել եմ իմ ձայնը մի վարչակարգի դեմ, որը հայ ժողովրդին պահում է աղքատության մեջ, պատերազմի, վախի ներքո և պառակտված վիճակում։
- Միասին մենք այն ուժն ենք, որ փոփոխություն է բերելու, և այդ ուժը հնարավոր չէ կանգնեցնել։
- Մենք պետք է միանշանակ հաղթենք ընտրություններում՝ հեռացնելով իշխանությունից մեր ազգը խայտառակող, մեր պետությունը նվաստացնող, մեր պետականության հիմքերը քանդող փոքրիկ խմբակին։
- Մենք բոլորս պատրաստ ենք ամենին զոհաբերել հանուն Հայաստանի։ Մինչդեռ Փաշինյանը ամեն ինչ զոհաբերում է հանուն իր աթոռի։
- Միասին կստեղծենք Հայաստանի ուժեղ տնտեսությունը՝ նոր գործարաններով, 300 հազար նոր աշխատատեղերով, մարդկանց ապրուստի կտրուկ բարելավումով, բիզնեսի և գյուղատնտեսության համար նոր հնարավորություններով։
- Կունենանք ուժեղ դիվանագիտություն և ուժեղ պաշտպանություն՝ պաշտպանված երկնքով, պրոֆեսիոնալ վերազինված բանակով, որոնք իսկապես կերաշխավորեն խաղաղությունը։
- Հայաստանը պետք է դառնա անվտանգ, խաղաղ, հարուստ, ուժեղ երկիր․ երկիր, որտեղ կառավարիչները ոչ թե դատարկում են բյուջեն ու լցնում սեփական գրպանները, այլ հակառակը՝ դատարկում են սեփական գրպանները՝ հանուն մեր հայրենիքի բարեկեցության։
- Արդարությունը ու ներքին համերաշխությունը հարատև են լինելու Հայաստանում։
- Հայաստանը դարձնելու ենք բարեկեցության երկիր ու աղքատություն բառը թողնելու ենք անցյալում։ Ես այս բոլոր խոստումների իրականացումը երաշխավորում եմ։
- Վարչակարգը մարդկանց վախեցնում է պատերազմով։ Նրանք նույնիսկ ժամկետ են նշում՝ սեպտեմբեր, որովհետև սեպտեմբերին սկսվեց ազգային ամբողջականության դեմ հարձակումը, սեպտեմբերին սկսվեց Արցախի բռնի հայաթափումը և էթնիկ զտումը, պատերազմներ, որտեղ Փաշինյանը պարտվեց, մի՞թե մենք թույլ ենք տալու, որ նա Հայաստանի համար ևս մեկ պատերազմ պարտվի։
- Իմ խոստումն է, որ մեր հաղթանակի և իմ կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելով՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու։
- Ուժեղ դիվանագիտության շնորհիվ, մենք այլևս թույլ չենք լինելու․ մենք ուժեղ ենք լինելու Մոսկվայում և վերականգնելու ենք խաթարված հարաբերությունները, մենք ուժեղ ենք լինելու Վաշինգտոնում, Լոնդոնում։
- Ոչ մի պահ չհուսահատվեք, նրանք կարող են նույնիսկ մեզ ձերբակալել, կալանավորել, բայց նրանք չեն կարող կանգնեցնել մեզ փոփոխություն բերելու ճանապարհին։
- Սրանց կեղծ ու անհասկանալի սրտիկները մենք փոխարինելու ենք մեր իրական, հայկական սրտերով, մենք երբեք չենք մոռանալու, որ եկեղեցին է մեր սիրտը, Արարատ լեռն է մեր սիրտը։
- Ես իմ կառուցած ամենամեծ հայկական բիզնես ընկերության կառավարումը փոխանցում եմ իմ երեխաներին, իսկ ես ծառայելու եմ իմ երկրին և փոխելու եմ Հայաստանի քաղաքացիների կյանքը՝ դեպի լավագույն ապագա։


