13 Ապր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ն կշրջափակի Իրանի նավահանգիստներ մտնող կամ դուրս եկող նավերը

ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ երկուշաբթի կսկսի Իրանի նավահանգիստներ և ափամերձ տարածքներ մտնող և դուրս եկող նավերի շրջափակում իրականացնել՝ շաբաթավերջյան բանակցություններում Իրանի հետ համաձայնություն ձեռք չբերելուց հետո․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ երկուշաբթի՝ ժամը 10:00-ից (Երևանի ժամանակով 18։00) սկսած շրջափակումը «կիրառվելու է անխտիր բոլոր երկրներին պատկանող նավերի նկատմամբ, որոնք մտնում կամ դուրս են գալիս իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից, այդ թվում՝ Արաբական ծոցի և Օմանի ծոցի իրանական բոլոր նավահանգիստներից»։

Ըստ հայտարարության՝ Հորմուզի նեղուցով դեպի ոչ իրանական նավահանգիստներ շարժվող և այնտեղից վերադարձող նավերի անցումը չի խոչընդոտվի։

Իսլամաբադում շաբաթ օրվանից մինչև կիրակի վաղ առավոտյան տեղի ունեցած բանակցությունները վերջին տասնամյակում ԱՄՆ-Իրան առաջին անմիջական հանդիպումն էին և ամենաբարձր մակարդակի քննարկումները 1979 թվականի Իսլամական հեղափոխությունից ի վեր։ Բանակցությունները տեղի են ունեցել անցած երեքշաբթի հաստատված հրադադարից մի քանի օր անց՝ նպատակ ունենալով վերջ դնել 6 շաբաթ տևած պատերազմին։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026