25 Դեկ
2024
0.6° c ԵՐԵՎԱՆ
3.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԺ-ում առաջարկում են չեղյալ համարել պատվավոր կոչումները

ԱԺ-ում առաջարկում են չեղյալ համարել պատվավոր կոչումները

ԱԺ-ում քննարկվում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից «ՀՀ պետական պարգևների ու պատվավոր կոչումների մասին» օրենքի փոփոխությունների նոր նախագիծը, որով առաջարկվում է չեղարկել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ վաստակավոր արտիստի և ՀՀ վաստակավոր նկարչի կոչումները։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կողմ է պատվավոր կոչումների չեղարկման նախագծին. նրա խոսքով՝ ոչ մի զարգացած երկրում կոչումների շնորհման նման համակարգ չկա, դա խորհրդային ժառանգություն է:

«Դա ԽՍՀՄ-ի ստեղծածն է: Քանի որ մրցակցություն չի եղել, և արտիստները չեն կարողացել գումար աշխատել, պետությունը որոշել է, որ այս մարդը լավն է, այս մեկը Կոմկուսին ձեռնտու է: Ուրիշ ոչ մի երկրում նման բան չկա, Մայքլ Ջեքսոնը և Լուչիանո Պավարոտտին ոչ մի երկրի ժողովրդական արտիստ չեն, իրենք եղել են, կան ու մնալու են որպես մարդկության համար արժեք: Իսկ որոշ մարդիկ Հայաստանում ծառայություն են մատուցել, գնացել մեկի երեխայի հարսանիքին երգել են, «շեֆը» ասել է կազմակերպեն, որ նրան ժողովրդական կամ վաստակավոր արտիստի կոչում տան»,-ասել է Սիմոնյանը:

Այս պահին գործող օրենսդրությամբ սահմանված են 17 պատվավոր կոչումներ, որոնց մեջ են ժողովրդական արտիստի, ժողովրդական նկարչի, արվեստի վաստակավոր գործչի, մշակույթի վաստակավոր գործչի, վաստակավոր լրագրողի և այլ կոչումները: Նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները:  Թողնվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Նախկինում տրված կոչումները շարունակելու են գործել: Ըստ նախագծի հիմնավորման՝ կոչումները ժամանակավրեպ են, առողջ մրցակցության, անգամ բարոյահոգեբանական մթնոլորտի վրա բացասաբար անդրադարձող: Առաջադեմ երկրների փորձն էլ ցույց է տալիս, որ պատվավոր կոչումների ինստիտուտ առկա չէ: Նախագիծը ներկայացրած արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը վստահեցրել է՝ դա չի նշանակում, որ պետությունը դադարելու է որևէ մեկին խրախուսել իր գործունեության համար: Լինելու են ոլորտային մրցանակաբաշխություններ:

«Մի քանի ազգանուններ ընթերցեմ․ Ծատուրյան Նիկոլայ, Չթչյան Գեղունի, Բալյան Վլադիլեն, Բաբայան Դավիթ, Միրզոյան Փարավոն, Սողոյան Ֆրիդրիխ, ամենայն հարգանքով այս արժանավորագույն մարդկանց նկատմամբ, որևէ մեկս միթե ճանաչո՞ւմ է այս անձանց որպես ժողովրդական արտիստ։

Եթե հիմա հարցում անենք, ժողովրդի մեծամասնությունը չի ճանաչելու։ Այո՛, լավ չէ, բայց որևէ մասնագետի խրախուսելու համար պարտադիր չէ պետության կողմից նրան շնորհել ժողովրդական արտիստի կոչում»,- ասել է  փոխնախարարը։ 

Նա նշել է, որ այս տարիների ընթացքում  շնորհվել է 1181 պատվավոր կոչում, որոնք պահպանվելու են իրենց  իրավունքները ու  արտոնությունները։

«Ինչ վերաբերում է ոչ պարտադրորեն ռազմավարական փաստաթղթերի հետ համաձայնությանը, չեմ կիսում այդ տեսակետը, որովհետև վերջերս մենք ընդունել ենք նաև մշակույթի զարգացման ծրագիր և այնտեղ այսպիսի հաստատումեր չկային։ Անհարմար է այս մակարդակի օրենսդրական նախաձեռնություն բերել խորհրդարան»,- ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

Նա տեսակետ է հայտնել, թե անհատի հեղինակությունը և ազգային էլիտաները իշխանությանը պետք չեն: «Մենք գործ ունենք հերթական անգամ եղած ավանդույթն ու ժառանգությունը մերժելու և ամեն ինչ 0 կետի սկսելու վարքագծի հետ»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը: