2024 թվականը նոր է սկսվել, բայց բանակում արդեն 4 կորուստ ունենք։ Զինվորը սպա է սպանում, մի ուրիշ սպա ինքնասպան է լինում, մյուսը ավտովթարի զոհ է դառնում, մեկ այլ դեպք էլ գրանցվեց երեկ․ ձնահոսքի տակից հայտնաբերեցին նախօրեին անհետ կորած զինծառայողի դին։ Բենիամին Մանուչարյանն, ով հենց երեկ պիտի զորացրվեր, եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով մոլորվել ու հայտնվել էր մարտական դիրքի հարակից ձորում՝ ձյան տակ։
Բանակում տեղ գտած այս ու այլ շատ անվտանգային խնդիրների մասին ABC media-ն զրուցել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանի հետ։
–Պարո՛ն Օհանյան, տարին դեռ նոր է սկսվել, բայց բանակում խաղաղ պայմաններում արդեն 4 զոհ կա։ Երեկ ձնահոսքի տակից հայտնաբերվեց 20-ամյա զինվորի դի, ով հենց երեկ պիտի զորացրվեր։ Նման դժբախտ պատահարները բանակում վերջերս շատացել են, ո՞րն է խնդիրը։
-Իհարկե, եթե խոսքը գնում է անվտանգության համակարգի մասին, ապա առաջին հերթին երկրի պաշտպանական քաղաքականությունն է, մյուս հերթին՝ բանակի մարտունակությունն է և մարտական պատրաստականությունը։ Իհարկե, կարգապահությունն էլ է կարևոր, բայց առաջին հերթին կարևոր է մարտական պատրաստակամությունը, ԶՈՒ մարտական կարողությունները, բայց կարգապահական թերությունները ազդում են ընդհանուր ստորաբաժանումների և զորամասերի յուրաքանչյուր գործունեության, հատկապես գաղափարադաստիարակչական աշխատանքների և մարտական ոգու վրա։
–Ինչպե՞ս է այն ազդում Ձեր կողմից նշված գերատեսչությունների վրա։
-Նախ նշեմ, որ բանակում գոյություն ունի գաղափարադաստիարակչական աշխատանքների ձևավորված համակարգ, որն արտացոլված է ուղեցույցի մեջ, և նաև համապաստասխան աշխատանքների ընթացք է ձևավորված, ըստ ուրվագծի։ Կարևոր է, թե բանակում ի՞նչ մարդ են ստանում հասարակությունից, ինչպե՞ս է ձևավորվում այդ անձը բանակային ծառայության յուրաքանչյուր փուլում ՝ ստանալով և՛ դաստիարակություն, և՛ ռազմական կրթություն։ Կարևոր է նաև, թե ինչ պատրաստի անձնավորություն է վերադարձվում հասարակությանը, նա մեր հասարակության համար պիտանի մարդ պետք է լինի և նաև պահեստազորում իր պատրաստակամությունը պետք է անցնի, եթե անհրաժեշտ լինի, ապա նորից համալրի բանակի շարքերը, նորից մասնակցի մարտական գործողությունների և մասնակցի հայրենիքի պաշտպանությանը։
-Բանակում ամենակարևոր դերն ո՞ւմն է, ո՞վ պիտի կանխի դժբախտ պատահարները։
-Ամենակարևորն այն է, որ հրամանատարները պետք է տիրապետեն դաստիարակության հիմունքներին, այսինքն իմանան դաստիարակության մեթոդները, սկզբունքները, և այդ ամենը կիրառելու համար յուրաքանչյուր հրամանատար պետք է ունենա մանկավարժական կուլտուրա, բանականություն, գիտելիքների համապատասխան պաշար, համոզմունքներ և նաև, ամենակարևորը, իրատեսական աշխատանք իր անձնակազմի հետ։ Այնտեղ, որտեղ այս ամենը կիրառվում է, արտակարգ պատահարներ կամ չեն լինում, կամ հասցված են մինիմումի։
-Որո՞նք են դժբախտ պատահարների պատճառները։
-Դրանք օբյեկտիվ և սուբյեկտիվ են լինում։ Դրանց պատճառահետևանքային կապը տրամաբանորեն պետք է սկսվի հասարակությունից, վերադառնա բանակ ու բանակից գնա հասարկություն։ Վերջին տարիների ընթացքում դրանց պատճառները մի քանիսն են։ Առաջինը՝ 2018 թվականից սկսած բանակի նկատմամբ քաղաքականությունը իջեցվել է կենցաղային մակարդակի, բավականին պարզեցվել են ծառայության մակարդակի պայմանները, բավականին թույլտվություններ են տվել անձնակազմին, թուլացրել են։ Օրինակ` թույլ են տվել հեռախոսներ կրել։ Դրան գումարած նաև կադրային քաղաքականությունը։ Չափից ավելի արագ տեմպերով կադրային երիտասարդացումը բերում է նրան, որ մարդիկ, շրջանցելով պաշտոնները, կամ ամեն պաշտոնում շատ կարճ ժամանակահատված են մնում և չեն հասցնում յուրացնել մարդկանց հետ աշխատելու և նրանց մարտական գործողությունների պաստրաստելու հմտությունները։ Չեն հասցնում խուսափել դժբախտ պատահարներից և կորուստներից։ Երկրորդ պատճառը պատերազմն է, որովհետև դրա ժամանակ, թեպետ թվում է, թե հերոսական դրվագները, քաջագործությունները պետք է բարձրացնեն բարոյահոգեբանական վիճակը, զինվորի պատրաստակամությունն ու մարտական ոգին և նրանց մղի հայրենանվեր գործունեության, սակայն վերջին պատերազմական գործողությունների ժամանակ անօրինությունները, անկարգությունները, մարտական գործողություններից փախուստը, այդ ուղղությամբ դատաիրավական համակարգի ոչինչ չանելը։ Խստացված մեթոդներ պետք է կիրառել այդպիսի համատարած անկարգությունների ժամանակ։ Դրանք չեն կիրառվել, ինչն էլ բերել է կարգապահության անկման և վերևից ներքև կատարողականության ցածր աստիճանի։
Մյուս խնդիրը լարված ծառայությունն է հատկապես մարտական հերթապահությունների ժամանակ անընդհատ խրամատում գտնվելը, սպասելը թշնամու կողմից սադրանքների։ Անձնակազմի քանակի որոշակի բացակայությունն էլ միգուցե ազդում է, որովհետև անձնակազմը պետք է հնարավորություն ունենա նաև հանգստանալու, երբ դու չես հանգստանում նշանակում է, որ անկում է ապրում զգոնությունը։ Սրանից նաև լարվածություն է առաջանում սպաների հետ, սկսվում են միջանձնային խնդիրներ։ Վերջին խնդիրը միջանձնային խնդիրներն են։ Սրա ակունքներում անհանդուրժողականությունն է՝ լինի հրամանատար-ենթակա, կամ շարքային զինվորների միջև։ Անհանդուրժողականությունը նաև պատճառ է արատավոր գործերի, ինչն էլ հասարակությունից է ներմուծվում բանակ։ Օրինակ գողական բարքեր, կեղծ մականուններ և հեղինակություններ, հայհոյելն ու ծեծը։ Կան նաև կեղծ պարտադրանքներ։ Օրինակ՝ դիրքերում քնող զինվորին պետք է, ոչ թե ծեծել կամ պարտադրել, այլ պետք է օգնել, որ նա այդ իրավիճակից դուրս գա, որ հետագայում կարողանա իր ծառայությունը տանել։ Իմ ծառայության ընթացքում էլ շատ է եղել, երբ մենք փոխարինել ենք մեր ենթականերին, որպեսզի քնեն հանգստանան։
Սեդա Մակարյան