04 Դեկ
2024
0.4° c ԵՐԵՎԱՆ
2.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովն առաջարկել է չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովը նախօրեին լիագումար նիստում առաջարկել է  չհաստատել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։

 Ադրբեջանական Թուրան գործակալությունը իր աղբյուրներին վկայակոչելով գրում է, որ  որոշումն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ բուռն քննարկումներից հետո։ Մոնիտորինգի հանձնաժողովը համարում է, որ ադրբեջանական պատվիրակության լիազորությունները չպետք է հաստատվեն առնվազն մեկ տարի։

«Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունն էլ գրում է, որ չնայած Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ ընդունված բազմաթիվ բանաձևերին, Մոնիտորինգի կոմիտեն իր խորը մտահոգությունն է հայտնում, որ Բաքուն չի կատարել կազմակերպության հանդեպ իր կարևոր պարտավորությունները։ Զեկույցում ընդգծվում է, որ Ադրբեջանում դեռևս կան շատ լուրջ մտահոգություններ ազատ և արդար ընտրությունների, իշխանությունների տարանջատման, գործադիր իշխանության համեմատ օրենսդիր մարմնի թուլության, դատական ​​իշխանության անկախության և մարդու իրավունքների հարգման վերաբերյալ։

 Կոմիտեն նաև ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Ադրբեջանը չի համագործակցում Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի շրջանակում, փետրվարի 7-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր չի ուղարկել և թույլ չի տալիս Ադրբեջանի հարցով համազեկուցողներին հանդիպել այն անձանց հետ, ովքեր քաղաքական դրդապատճառներով կալանավորվել են:

Փաստաթղթում մատնանշվում են նաև լրագրողների ձերբակալությունները, ինչպես նաև հավաքների ազատության սահմանափակումները, ճնշումները քաղաքացիական հասարակության վրա, խոշտանգումների և դաժան վերաբերմունքի դեպքերը, Եվրոպական դատարանի որոշումների չկատարումը:

Թե ԵԽԽՎ-ն ինչ ձևով կսահմանափակի ադրբեջանցի պատգամավորների լիազորությունները, հայտնի կդառնա  այսօր կայանալիք դեբատներում։ Լիագումար նիստը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն սահմանափակել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները։ Նշենք, որ Ադրբեջանի լիազորությունները սահմանափակելու նախաձեռնությամբ հանդես է եկել գերմանացի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն։ Ավելի վաղ ԵԽԽՎ-ն հայտնել էր, որ սկսվել է Ադրբեջանի պատվիրակության լիազորութունների սահմանափակման գործընթաց։