23 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
6.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանցի արևելագետը դեկորացիա է անվանել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում

Ռուսաստանցի արևելագետը դեկորացիա է անվանել ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ընդլայնումը քաղաքական ժեստ է, բայց երկրի անվտանգության տեսանկյունից այն որևէ ազդեցություն չի ունենա․ այս մասին  կարծիք է հայտնել ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ հեռուստակամուրջի ժամանակ։

2023-ի դեկտեմբերին ԵՄ-ն հայտարարել էր Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին իրավիճակը դիտարկելու նպատակով առաքելության ընդլայնման մասին՝ մինչև 209 մարդ (նախկին 138-ի փոխարեն):

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում առաքելությունը դեկորացիա է։

«Եվրոպական կառույցների հեղինակությունն ընկնում է ազատ անկման արագացմամբ։ Եվրոպացի պաշտոնյաները կգան Հայաստան, որը համարվում է անապահով գոտի, դրա համար կրկնակի աշխատավարձ կստանան։ Սա նրանց համար ասես սինեկուրա (բարձր վարձատրվող ու քիչ աշխատանք պահանջող պաշտոն-խմբ.) լինի։ Ինչ է սա Հայաստանի համար։ Ոչինչ: Դա ոչ մի արդյունք չի տա», – ասել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ այս տարի ԵՄ-ում ընտրություններ են սպասվում, բացի այդ, Բրյուսելի որոշ պաշտոնյաների, նույն Ուրսուլա ֆոն դեր Լյայենի դեմ լուրջ քրեական գործեր են հարուցվել: Եվ ԵՄ հավաքական ինքնիշխանությունը վերջին տարիներին լավ ընկել է։

ԵՄ նոր երկարաժամկետ առաքելությունը Հայաստանում տեղակայվել է 2023 թվականի փետրվարի 20-ից և ի սկզբանե բաղկացած է եղել 100 հոգուց։

Խնդիր է դրված Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունության ամրապնդումը, տեղերում վստահության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող պայմանների ապահովումը: