Շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն Արցախի հարցում, որովհետև ուրիշ ոչ մի երկիր չի կարող ավելին անել Արցախի համար, քան ՀՀ-ն։ Այս տեսանկյունից շատ հստակ խնդիր ունենք լուծելու․ ասել է ԱՀ պետական նախկին նախարար Արտակ Բեգլարյանը։
«Նույնիսկ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական սպառանալիքներն այժմ, աշխարհակարգի ընդհանուր ցնցումները, այդ պայմաններում անգամ Հայաստանը ունի հստակ հավաքական իրավունքներ և սա որևէ մեկը չի վիճարկում։ Մեր վերադարձի իրավունքը ինքնին ամրագրված է միջազգային իրավունքով և միջազգային հանրության կողմից լայն ընկալում ու աջակցություն ունի։ Այս հավաքական իրավունքի մասին ՀՀ իշխանությունները պետք է խոսեն ու բանակցեն, որովհետև այլ սուբեկտ մենք այս պահին չունենք, որ միջազգային հարաբերություններում կարող է բավարար կշիռ ունենալ բանակցելու, պայմաններ քննարկելու և նպատակները առաջ տանելու համար։ Այս պահին, եթե մենք անգամ վերադառնալու կամ այլ իրավունքներ պաշտպանելու լծակներ չունենք, առնվազն պետք է ամրագրենք այդ իրավունքները, պահանջները դնենք ու ընկալելի լինենք միջազգային հանրության համար։ Այս գործընթացը չի վերաբերում միայն արցախցիների վերադարձի խնդրին, այլև ցեղասպանության ճանաչման ու պատասխանատվության հարցերի բարձրացմանը»։
Բարձրացվող հարցերի շարքում պետք է լինի նաև Արցախի մշակութային ժառանգության, հայկական եկեղեցիների, գերեզմանների անձեռմխելիության ապահովումը, որտեղ ՀՀ-ն ևս մեծ անելիքներ ունի։
«Այս հարցերով ՀՀ-ն տարբեր դատարաններում ունի ներկայացված հայցեր, սակայն դրանք բավարար չեն։ Պետք է ձևավորել քաղաքական հստակ օրակարգ, պահանջներ ու ինտենսիվ գործածել իրավական գործիքակազմերը»,- եզրափակել է Բեգլարյանը։